Շվեյցարիայում այսօր՝ նոյեմբերի 30-ին, երկրի ոսկու արժութային պահուստների հարցով հանրաքվե է անցկացվում:

Հանրաքվեի շրջանակում երեք հարց է առաջադրվել: Երկրի բնակիչները պետք է որոշեն, արժե՞ Շվեյցարիայի Ազգային բանկին արգելել ոսկի վաճառել, երկիր վերադարձնել ոսկու արժութային պահուստները, ինչպես նաեւ արդյո՞ք հարկավոր է մինչեւ 20%-ով ավելացնել ոսկու տեսքով պետական կուտակումները:

Հասարակական կարծիքի հարցումների նախնական արդյունքների համաձայն, բնակչության 44%-ը կողմն է երկրի ոսկու արժութային պահուստների վերադարձին: Միաժամանակ, «Vesti.ru»-ի փոխանցմամբ, Շվեյցարիայի կառավարությունը չէր աջակցում հանրաքվեի անցկացումը:

Քվեարկության դրական արդյունքի դեպքում Շվեյցարիայի Բանկը ստիպված կլինի 1.500 տոննա ոսկի գնել: Իսկ դա համաշխարհային արդյունահանման տարեկան ծավալի կեսն է կազմում: Կարող է նաեւ անհրաժեշտություն առաջանալ վերադարձնել 12 մլրդ դոլար արժողությամբ երկրի ոսկու խնայողությունները, որոնք պահվում են Մեծ Բրիտանիայում եւ Կանադայում: Այդպիսով, իրավիճակը կարող է ազդել մետաղների համաշխարհային ամբողջ շուկայի վրա: