Ղրիմի թաթարների հանրային խորհուրդը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրում է Ղրիմը հայտարարել այդ երկրների միջեւ բարեկամության կամուրջ:

«Մենք դիմում ենք կոչով՝ Ղրիմը հայտարարել որպես Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության կամուրջ»,- ասված է երկու երկրների նախագահներին ուղղված ուղերձում: Հայտարարությանն աջակցություն են հայտնել Ղրիմի տարբեր շրջանների թաթարական կազմակերպությունների շուրջ 300 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Թուրքիայում եւ Ռումինիայում նրանց սփյուռքի անդամներ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ղրիմի թաթարները նաեւ աջակցություն են հայտնել Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը եւ հայտարարել նոր Ռուսաստան կառուցելու հարցում նրան լիարժեք վստահելու մասին:

Հիշեցնենք, որ Պուտինը դեկտեմբերի 1-ին մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու Բարձրագույն համագործակցության խորհրդի 5-րդ նստաշրջանին: