Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 30-ին հաղթահարել է «Գաղտնալսումների մասին» օրենքի շուրջ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիի վետոն: Այսպիսով, ուժի մեջ է մնում որոշումն այն մասին, որ ՆԳՆ-ն իրավունք ունի ուղղակիորեն անձնական տվյալներ ստանալ:
Ըստ «Գրուզիա Օնլայն»-ի, վետոն հաղթահարելուն կողմ է քվեարկել 82 պատգամավոր, դեմ՝ 14-ը: Ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը:
«Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ, ավելի վաղ՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատել էր գաղտնալսումների մասին մի շարք օրենքներում փոփոխությունները՝ չնայած ընդդիմության բողոքին: Փոփոխությունների համաձայն, ՆԳՆ-ն գաղտնալսման իրավունք ունի, իսկ անձնական տվյալների պաշտպանության տեսուչը վերահսկողություն է իրականացնում: Ավելի ուշ Վրաստանի նախագահը վետո էր դրել օրենքների ընդունված փաթեթի վրա եւ խորհրդարանին օրինագծերի նոր տարբերակ էր առաջարկել, որոնցով գաղտնալսման կոնկրետ դեպքի համար պետք է թույլտվություն տա դատարանը, իսկ այդ գործընթացին պետք է հետեւի անձնական տվյալների պաշտպանության տեսուչը:
Նոյեմբերի 30-ին խորհրդարանի լիագումար նիստում պատգամավորները կողմ են արտահայտվել նախագահի ներկայացրած օրենսդրական առաջարկություններին, սակայն փաթեթը բավարար քանակության ձայներ չի հավաքել: Այնուհետեւ խորհրդարանականները քվեարկել են իրենց կողմից ավելի վաղ հաստատված օրինագծի հաստատման օգտին: Քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» եւ «Ազատ դեմոկրատներ» խմբակցությունները:




























