Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը Ռուսաստանի օգտատերերին խորհուրդ է տվել հրաժարվել արտասահմանյան սոցցանցերից:
«Ամբողջ Ռուսաստանը «նստած է» ԱՄՆ սոցցանցերում՝ նպաստելով դրանց արժեքի աճին: Մեր vkontakte.ru-ն ոչնչով վատը չէ: Եկեք աստիճանաբար անցնենք դրան»,- ըստ Lenta.ru-ի՝ այս մասին Քադիրովը գրել է Instagram-ի իր էջում:
Չեչնիայի ղեկավարը նաեւ տպավորություններն է կիսել ռուսական YotaPhone 2 սմարթֆոնի վերաբերյալ, որը նրան նվիրել է հաղորդավարուհի Թինա Կանդելակին:
«Հպարտ ենք մեր մշակողներով: Ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս հետագայում չգնել iPhone-ը, այլ աջակցել հայրենական արտադրողներին, առավել եւս, եթե խոսքը լավագույն ապրանքի մասին է»,- ասել է Քադիրովը: Նա նաեւ նշել է, որ iPhone ձեռք բերող ռուսաստանցիներն այդպիսով ֆինանսավորում են ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրին:




























