Ուկրաինական ճգնաժամը կարող է տեւել 14 տարի: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Նա ենթադրում է, որ Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի «լուրջ» տարաձայնությունները չեն կարող լուծվել կարճ ժամանակահատվածում:
Գերմանացի գործչի խոսքով, հակամարտություն կարելի է հրահրել երկու շաբաթվա ընթացքում, սակայն դրա կարգավորման համար տարիներ են անհրաժեշտ: «Ես միշտ ասում եմ. հակամարտություն հրահրելու համար կարող է 14 օր պահանջվել: Սակայն այն լուծելու համար 14 տարի է պետք»,- գերմանական ZDF հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Շթայնմայերը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հարցին, կարո՞ղ է, արդյոք, Դոնբասում տիրող իրավիճակը «14 տարի տեւել», գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական է պատասխանել:
Խոսելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի մտադրության մասին, Շթայնմայերը կրկին ընդգծել է, որ այդ երկրին դաշինքում չի տեսնում: Նախարարը կողմերին կոչ է արել «իրատես» լինել: Նա նաեւ չի բացառել հակամարտության հետագա սրացումը: Շթայնմայերն ամփոփել է, որ դրա հետ կապված հարկավոր է հասարակությանը բացատրել, թե որ հարցերի շուրջ լավ կլինի «կրակի վրա յուղ չլցնել»:




























