Հոնկոնգում երկուշաբթի վաղ առավոտյան (երեւանյան ժամանակով՝ կիրակի երեկոյան) Occupy Central-ի ակտիվիստները կտրուկ ակտիվացել են. զրահագլխարկներով եւ պաշտպանիչ դիմակներով հարյուրավոր մարդիկ ուղղվել են դեպի ոստիկանների շարքերը՝ փորձելով մոտենալ վարչական շենքերին: Տուժածներ եւ ձերբակալվածներ կան:
Reuters-ի փոխանցմամբ, ցուցարարների նպատակը կառավարական թաղամասը շրջափակելն ու գերատեսչությունների աշխատանքին խանգարելն էր: Ցուցարարները ոստիկանների վրա «գրոհել են»՝ ծածկվելով փայտե վահաններով: Իրավապահներն արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել: SCMP-ն հաղորդում է, որ մի շարք վայրերում բժիշկներն օգնություն են ցուցաբերել ակտիվիստներին:
Ըստ АР-ի, ցուցարարներին մասամբ հաջողվել է ճեղքել ոստիկանական շարքերը, սակայն Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի գրասենյակի մատույցներում նրանց կանգնեցրել են:
Բախումներ են գրանցվել նաեւ Մոնգկոկ շրջանում, որտեղ մի քանի օր առաջ ուժայիններին հաջողվել էր ցրել ցուցարարների ճամբարը: Ըստ NEWSru.com-ի, այնտեղ ոստիկանությանը հաջողվել է հետ մղել հարձակումները, չնայած իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Մեկ օր առաջ էլ Հոնկոնգում շուրջ 30 ակտիվիստ է ձերբակալվել, որոնք մասնակցել են ոստիկանության հետ բախումներին:




























