Բոլիվիայի խորհրդարանի Օրենսդիր ժողովը միաձայն բանաձեւ է ընդունել՝ դատապարտելով Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը եւ մարդկույան դեմ կատարված հանցագործությունը:
Prensa Armenia-ի փոխանցմամբ, բանաձեւն ընդունվել է նոյեմբերի 26-ին կայացած նիստում:
Սենատի գործող նախագահ Զոնիա Գարդիա Մելգարը հայտարարել է, թե «բանաձեւն ընդունվել է ԱԳՆ հավանությամբ, Սենատի եւ պատգամավորների պալատի կողմից»:
«Մենք մեր լիակատար աջակցությունը, համերաշխությունն ու բարեկամությունն ենք հայտնում հայերին եւ քրդերին, քանի որ մեր Պետական Սահմանադրությունը, որ օրենքների օրենքն է, ոչ է ասում խտրականությանը, մարդու իրավունքների խախտումներին եւ ցեղասպանություններին»,- նշել է նա:
Նա հավելել է, որ նկատի ունեն 1915-23 թվականներին հայերի դեմ Թուրքիայի պետության գործած հանցանքը:
Բանաձեւի ամբողջական տեքստը հետեւյալն է՝«Բոլիվիայի Օրենսդիր ժողովը կիսում եւ զորակցում է հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ճշմարտության եւ արդարության հաստատման: Ժողովը հայտարարում է իր զորեղ հանձնառությունը մարդու իրավունքների եւ արդարության պաշտպանության ուղղությամբ եւ դատապարտում Հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանության եւ կրած տառապանքների ժխտման քաղաքանությունը»:




























