Ցածրահասակ, խոշոր աչքերով. կանգնել է դիմացս՝ տիկնիկային ֆիլմի պերսոնաժի նման: Երկուսս էլ շփոթված ենք: Ես՝ հայտնի նկարիչ եւ ռեժիսոր-անիմատորի հետ հանդիպումից, նա՝ այն բանից, որ մոռացել էր մեր հարցազրույցի մասին:
Նաիրա Մուրադյանը՝ հայ դասականների ստեղծագործության մոտիվներով կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ եւ բեմադրող, կենդանացրել է հայկական պոեզիան: Նախորդ տարի «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում նրա «Բալետ» ֆիլմը «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգին էր արժանացել:
Ահա վերջապես հարմար տեղավորվել ենք պատուհանին կից սեղանի մոտ, եւ ես, տրված շրջապատող միջավայրի հմայքին, փորձում եմ ուշադիր զննել նրա դիմագծերը:
Facebook սոցցանցում գրանցված եք որպես Narara: Ո՞վ է Ձեզ այդկերպ կոչում:
Ես ինքս եմ այդպես ինձ անվանում:
Ինչո՞ւ:
Ինձ դուր է գալիս այդ անվան էներգետիկան: Լսո՞ւմ եք կռնչյունը՝ Նա-ռա-ռա: Ահա այդպես:
Իսկ ի՞նչպես էին Ձեզ կոչում մանուկ հասակում՝ գանգուր սեւ մազերի խիտ դեզի համար:
Պուշկին եւ Անժելա Դեւիս: Նաեւ՝ «դոկտոր Գասպար», որովհետեւ օրիորդական ազգանունս Գասպարյան է: Ավելի մեծ տարիքում ընկերներս ինձ ասում էին «Յոժիկ վ տումանե»:
Ձեր ստեղծագործությունները դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ դուք հաճախ անփույթ եք վերաբերվում սյուժետային գծին՝ ուշադրությունը կենտրոնացնելով երաժշտության եւ պերսոնաժների վրա...
Որպես ռեժիսոր ես ուշ եմ սկսել աշխատել: Մինչ այդ Լյուդմիլա Սահակյանցի եւ Յուրա Մուրադյանի մոտ բեմադրող նկարիչ էի աշխատում: Իմ վերջին երեք ֆիլմերում սյուժե արդեն կա:
Իսկ «Բալետում» այսօրվա հայկական ընտանի՞քն էիք ցանկանում ցույց տալ:
Ոչ: Այնտեղ պերսոնաժներն անգամ նման չեն հայերին:
Այո, նման չեն: Բայց ամեն դեպքում ստացվել է հայկական նահապետական ընտանիք...
Այո, ես գիտակցում էին, որ Արեւմուտքում չեն հասկանա: Կարելի էր մի քիչ էլ խորհել ու ֆիլմ նկարահանել բոլորի համար: Իս ընդհանրապես, երբ սկսեցի «Բալետի» վրա աշխատել, ոչ մի ընտանիք էլ չկար մտքումս:
Այդ դեպքում որտեղի՞ց ծնվեց այդ պատմությունը:
Իմ կյանքում նման իրավիճակ չի եղել: Իսկ ահա երկիրն այդ վիճակում է առայսօր: Այն տպավորությունն է, թե քեզ բռնաբարում են: Երկրի ղեկավարությունը որոշումներ կայացնում է միայն վախի զգացումից ելնելով եւ միություն է կազմում ստրկատիրական կարգեր ունեցող երկրի հետ: Քաղաքը կորցնում է ամեն լավ բան: Տաղանդավոր մարդիկ չեն կարողանում դրսեւորվել. Միջավայրը անճաշակությամբ է թունավորված:
Ինչի՞ վրա եք աշխատում հիմա եւ երբ մենք դա կտեսնենք էկրանին:
Այսօր ես աշխատում եմ Տուվե Յանսոնի «Եղեւնին» հեքիաթի մոտիվներով ֆիլմի վրա: Կավարտեմ 2015թ., իսկ թե երբ ցույց կտան հեռուստացույցով, չեմ կարող ասել: Իմ գործերը հազվադեպ են ցուցադրում:
Ինչո՞ւ: Չէ՞ որ դրանք պետությունն է ֆինանսավորում...
Ես էլ եմ զարմանում: Փողը տալիս են, բայց դրանից այն կողմ բան չի լինում:
Ի դեպ, ասում են՝ Դուք տանը հեռուստացույց չունեք: Ճի՞շտ է:
Մենք չաշխատող հեռուստացույց ունենք, որի միայն ձայնն է, պատկեր չկա: Հայրս սիրում է հեռուստացույցի ձայնի տակ քնել, դրա համար է միայն միացնում:
Եվ վաղո՞ւց հեռուստացույց չեք դիտում:
Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ դա վնասակար է. այնտեղ արժեքավոր քիչ բան կա:
Դե ինչ, ես հեռուստացույց դիտում եմ, եւ վերջերս մի մուլտֆիլմ տեսա, երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ով է այնտեղ բարի, ով՝ չար: Իսկ երեխաներն ինչպե՞ս կողմնորոշվեն, ո՞ւմ համակրեն:
Նախ, այն մուլտֆիլմերը, որոնցում միանգամից հասկանալի է՝ ով է բարին, եւ ով չարը, անհետաքրքիր են: Երկրորդ, թող երեխան ինքը որոշի: Ավելի լավ է, որ նրանք ընդհանրապես մուլտֆիլմեր չդիտեն: Թող ծնողները զբոսնեն նրանց հետ եւ շուն կամ կատու պահեն: Այդպես նրանք միանգամից կհասկանան, թե որտեղ է բարին, եւ որտեղ՝ չարը:
Այնուամենայնիվ , երեխաները սիրում են մուլտֆիլմեր եւ դիտում են հեռուստացույց: Ըստ ձեզ՝ անհրաժե՞շտ է հետեւել, թե ինչ են նրանք նայում:
Մինչեւ մեկ տարեկան՝ այո: Իսկ հետո՝ ոչ: Կարելի է միայն նստել կողքին եւ մեկնաբանել:
Սակայն, համաձայնեք, որ ժամանակակից մուլտֆիլմերը լի են բռնության տեսարաններով եւ մեծահասակների համար կատակներով: Հիշո՞ւմ եք «Շրեկից» փչովի գորտերով տեսարանը կամ պայթող թռչունի դրվագը: Մեզ համար գուցե թե ծիծաղելի է, իսկ երեխաներին ցույց տալը…
Նրանց համար նույնպես ծիծաղելի է: Եվ հետո… չէ որ նրանք ձվածեղ են ուտում:
Սակայն նրանք չեն մտածում, թե որտեղից է այն…
Դե ուրեմն թող մտածեն: Ընդհանրապես, երեխաները սիրում են վախեցնող պատմություններ:
Այսօր Ռուսաստանում եւ Հայաստանում շատ տարածված է «Մաշան եւ Արջը» մուլտսերիալը: Հետաքրքիր է, որ բազմաթիվ ծնողներ բողոքում են, որ այն դիտելուց հետո երեխաները քմահաճ եւ չենթարկվող են դառնում: Ո՞րն է պատճառը:
Խնդիրն այն է, որ Մաշայի կերպարը շատ նման է իրական աղջկա: Այդպես չպետք է լինի: Երեխաները Մաշային են նայում եւ իրենք իրենց տեսնում: Այդ պատճառով էլ մուլտֆիլմն այդքան իրական է:
Ի դեպ, չենթարկվող երեխաների մասին… Ոմանք ասում են, թե չի կարելի երեխայի վրա ձեռք բարձրացնել, մյուսները պնդում են, որ դաստիարակության ընթացքում առանց ֆիզիկական պատժի անհնար է, այլապես երեխաները երես առած կլինեն:
Հայաստանում երեխաները մշտապես թագավորի պես են մեծանում: Իսկ ընդհանրապես, չեմ կարծում, թե քամակին խփելն այդքան վատ է: Թոռնուհիս, օրինակ, մշտապես տանջում էր կատվի ձագին: Ինչպե՞ս չխփել քամակին, եթե խոսքով չի հասկանում:
Սակայն երբ մեծերը երեսին են խփում…
Քամակին կարելի է խփել, իսկ երեսին՝ ոչ: Չնայած, ցավոք, երեսին էլ են խփում: Մի անգամ այդպես պատահել է թոռնիկիս դեպքում: Այդ ժամանակ միանգամից դեմ տվեցի այտս եւ ասացի. «Իսկ հիմա խփիր: Խփիր, ինչպես ուզում ես»: Նա ինձ նույնպես խփեց, մենք ծիծաղեցինք, եւ այդպես ամեն ինչ ավարտվեց:
Ծնողները կարո՞ղ են իրենց երեխայի մեջ լավ ճաշակ զարգացնել:
Եթե նա հարգում է քեզ որպես անհատականություն, եւ դու նրան հետաքրքիր ես, ապա՝ այո: Իսկ ամենադժվարը երեխաների համար հետաքրքիր լինելն է:
Ո՞րն է ամենալավ բանը, որը ձեռք ես բերում մեծանալով:
Ազատությունը:
Եթե հանկարծ ժամանակի մեքենա գտնեք, կօգտվե՞ք դրանից:
Պարտադիր:
Ինչպե՞ս:
Ես կնայեի, թե ինչպիսին է եղել Թորոս Ռոսլինը, ի՞նչ ներկերով է աշխատել եւ ինչպե՞ս է դրանք պատրաստել: Նաեւ շատ հետաքրքրիր է, թե ինչպես են հագնվել մեր թագավորները եւ ինչպիսին են նրանք եղել կենցաղում:
Իսկ ի՞նչ կասեք ապագայի մասին:
Ապագան այնքան էլ շատ չի գրավում: Նախապես չեմ սիրում իմանալ, թե ինչ է մեզ սպասվում: Սակայն ես, այնուամենայնիվ կնայեի, թե ինչ են հագնում մոդայամոլները, եւ արագ կանհետանայի:
Պատրաստեց Անի Աֆյանը




























