Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնական շփումները, հայ-թուրքական քաղաքացիական հասարակությունների միջեւ իրականացված ծրագրերը անցած՝ 2014 թվականին ունեցան նախորդ տարիներից տարբերվող դրսեւորումներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է թուքագետ, ՀՀ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ ամփոփելով անցած տարվա իրադարձությունները՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքտում:
«Նախեւառաջ, Թուրքիայում այս տարի տեղի ունեցան երկու համապետական ընտրություններ՝ մարտին տեղական ինքնակառավարման, իսկ օգոստոսին՝ նախագահական: Թեեւ երկու ընտրություններում էլ իշխող կուսակցությունը հաղթանակած դուրս եկավ, սակայն տարին բավական բարդ ստացվեց, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական առումներով»,- նշեց թուրքագետը եւ հավելեց. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնական շփումները, հայ-թուրքական քաղաքացիական հասարակությունների միջեւ իրականացված ծրագրերը այս տարի ունեցան նախորդ տարիներից տարբերվող դրսեւորումներ»:
Ըստ Տեր-Մաթեւոսյանի, Հայաստանին եւ հայությանն առնչվող խնդիրների պարագայում, անշուշտ, ուշագրավ քաղաքական քայլ էր Թուրքիայի վարչապետի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը: «Այդ քայլով նա Ցեղասպանության վերաբերյալ թուրքական հասարակության մոտ մոտեցումների նոր նշաձող սահմանեց։ Մեկ ամիս անց՝ մայիսի 27-ին, ՀՀ նախագահը բանավոր հայտարարությամբ Թուրքիայի ապագա նախագահին 2015 թ․ ապրիլի 24-ին հրավիրեց Հայաստան, որպեսզի «առերեսվի Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»։ Օգոստոսի 13-ին Հայաստանի նախագահը շնորհավորեց Էրդողանին Թուրքիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ վերջինս իր եռանդը կներդնի «երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում»։ Թուրքիան Հայաստանին ուղարկվեց պաշտոնական հրավեր մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը, որին Հայաստանը մասնակցեց արտգործնախարարի մակարդակով։ Գտնվելով Անկարայում՝ Նալբանդյանը Էրդողանի հետ ունեցավ կարճ հանդիպում, նրան փոխանցեց 2015 թ․ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու արդեն պաշտոնական հրավերը, իսկ Թուրքիայի նորընտիր նախագահը հրավերն ընդունեց ի գիտություն։ Թվում էր, թե պաշտոնական մակարդակում շփումների նոր ձեւաչափ է հասունանում, սակայն, Թուրքիան հրաժարվեց շնորհավորել Հայաստանին անկախության տոնի առթիվ, որին էլ հետեւեց Հայատանի համանման արհամարհանքը»:
Թուրքագետի կարծիքով, պակաս կարեւոր չէր արտգործնախարարների հոդվածների փոխանակման փաստը: «Անկարա այցից օրեր անց ՀՀ արտգործնախարարը ֆրանսիական «Le Figaro»-ում տպագրեց քննադատական հոդված՝ ընդդեմ Թուրքիայի իշխանությունների եւ ցեղասպանության հարցում նրանց որդեգրած քաղաքականության։ Այդ հոդվածն, ըստ էության, Ահմեդ Դավութօղլուի կողմից մայիսին տպագրված հոդվածի պատասխանն էր։ Մի քանի շաբաթ անց էլ՝ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Հայաստանի նախագահը քննադատեց Թուրքիայի իշխանություններին եւ ուղարկեց «գրողի ծոցը»։ Անցնող տարվա վերջին ուշագրավ զարգացումը հայկական արմատներով Էթյեն Մահչուպյանին վարչապետի խորհրդական նշանակելու քայլն էր ու դրա շուրջ տարաբնույթ քննարկումները եւ շահարկումները»,- ամփոփեց Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:




























