Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալների համաձայն, նոյեմբերին առեւտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով նվազել է 1.2%-ով: Այստեղ մեկ հստակեցում պետք է կատարել. առեւտրաշրջանառությունում, բացի մանրածախ առեւտրից, ներառված է նաեւ մեծածախ առեւտուրը, ինչպես նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաների վաճառքը: Սակայն այս տվյալները կհրապարակվեն միայն դեկտեմբերի վերջին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին նշված «առեւտրաշրջանառությունը» տարեկան կտրվածքով ավելացել է 2.2%-ով, սակայն մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալը կրճատվել է 0.1%-ով: Անկումը, կարծես, նշանակալի չէ, սակայն էական է մի երկրի համար, որը բնակչության մեկ շնչի հաշվով ապրանքաշրջանառության բավական ցածր մակարդակ ունի:
Իսկ արդյո՞ք մեզ մոտ ապրանքների սպառման աճի տեսքով ժողովրդի բարեկեցության բարձրացման նամար նախադրյալներ կան: Պաշտոնական տվյալներն իդիլիա են պատկերում: Պարզվում է՝ նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը տարեկան կտրվածքով ավելացել է հսկայական՝ 9.5%-ով (!!!), այդպիսով մի քանի անգամ գերազանցելով գնաճը, որն արտահայտվել է համեստ 2.6%-ով: Բայց եթե անգամ հավատանք աշխատավարձերի հարցում աննկարագրելի առաջընթացի մասին տվյալներին, որոշ նրբություններ կան:
Աշխատավարձի հետ գնաճի համեմատությունը պայմանական բնույթ է կրում, եւ օբյեկտիվորեն վճարունակության իրական շարժն արտացոլում է միայն վարձու աշխատողների պարագայում: Պաշտոնական տվյալներով, վարձու աշխատանքի վճարման հաշվին ձեւավորվում է ընտանիքի բյուջեի եկամուտների կեսից ավելին: Հետեւաբար, 1%-ով աշխատավարձերի աճի դեպքում բնակչության եկամուտը կաճի 0.5%-ով: Այսինքն՝ աշխատավարձի 9.5%-անոց աճը վերածվում է ընտանիքի եկամուտի 4.75% աճի:
Միջինում դրամական փոխանցումները ձեւավորում են երկրի տնային տնտեսությունների ընդհանուր եկամուտների մեկ տասներորդ մասը: Հունվար-հոկտեմբերի տվյալներով, փոխանցումները գումարը կրճատվել է 1.9%-ով: Դոլարային փոխանցումների համար հունվար-նոյեմբերին փոխարժեքն այնքան էլ հաջող չէր:
Իսկ ահա արտագնա աշխատանքի մեկնածների ծանր աշխատանքով վաստակած ռուսական ռուբլին դաժան ճակատագրի արժանացավ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Ռուբլու անկումը չափազանց ոչ շահավետ դարձրեց դրա փոխանակումը դոլարով: Իսկ ռուբլիով փոխանցումներին Հայաստանում այլ «անակնկալ» էր սպասվում. դրամի հանդեպ ռուսական ռուբլու փոխարժեքի հարաբերակցությունը հունվար-նոյեմբերին անկում է ապրել 13%-ով: Ինչպես կարելի է ենթադրել, բնակչության իրական վճարողունակությունն ընդհանուր առմամբ կրճատվել է:
Դեկտեմբերը նշանավորվեց ազգային արժույթի լուրջ թուլացմամբ: Բայց արտարժույթի փոխարժեքից դրամական փոխանցումներ ստածողների շահույթն անցողիկ էր, եւ «կլանվեց» կտրուկ թանկացումներով:




























