Ամերիկյան «Saylor Company» PR գործակալությունը այսուհետ զբաղվելու է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իմիջով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Saylor Company»-ի ղեկավար, The Los Angeles Times-ի նախկին գլխավոր խմբագիր Մարկ Սեյլորին եւ Հարավային Օսիայում մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Դավիդ Սանակոեւին։
Ըստ աբխազական եւ հարավօսական իշխանությունների ներկայացուցիչների, իմիջմեյքերները փորձելու են կարգավորել հանրապետությունների ընկալումը։ PR գործակալության հետ պայմանագրերը, որոնք ուժի մեջ են լինելու ողջ տարվա ընթացքում, ստորագրվել են դեռ հունիսին, իսկ հուլիսին նրանց գրանցել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը։ PR գործակալության աշխատակիցների յուրաքանչյուր ժամի համար Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իշխանությունները կվճարեն 165-550 դոլար (աշխատանքի վարձատրումը հակամարտության գոտում 50 տոկոս ավել է)։ Միեւնույն ժամանակ համաձայնեցված է, որ ամիսը 30 հազար դոլարից ավել Saylor Company-ն չի պահանջելու։




























