Ֆրանսիայի հարավում կործանված Airbus-ի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի ընկերուհին հեռացել է հայրենի քաղաքից իր ընտանիքի հետ միասին` վախենալով «աշխարհի ատելությունից», գրում է The Daily Mail-ը: Առկա տվյալների համաձայն` Մոնտաբաուրից հեռացել են 26-ամյա ուսուցչուհի Կատրին Գոլդբախը, նրա եղբայրը` փրկարար Անդրեսը եւ նրանց ծնողները: Հաղորդվում է, որ ընտանիքն այնքան է վախեցած, որ մտադիր չէ այլեւս վերադառնալ: «Երկրորդ օդաչուի ընկերուհին կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել»,-ընտանիքի բարեկամի խոսքն է մեջբերում «Գազետա»-ն:

«Բայց նրա վրա է կենտրոնանում աշխարհի ատելությունը: Գիտե՞ք, Մոնտաբաուրն այնքան փոքր վայր է, որ նրանց համար շատ դժվար է այստեղ վերադառնալ: Անհնար է մնալ ստվերում, այդ պատճառով էլ նրանք չեն վերադառնում: Անհամեմատ հեշտ է, երբ ապրում ես Դյուսելդորֆում կամ դրա նման մեկ այլ վայրում»,-հավելել է աղբյուրը:

Ինչպես հիշեցնում է «Գազետա»-ն, Գոլդբախը թողել է իր մանկավարժական գործունեությունը Մոնտաբաուրում 2013-ին եւ Լուբիցի հետ տեղափոխվել նրա` Դյուսելդորֆում գտնվող բնակարանը` աշխատանքի անցնելով այնտեղ: