Տեսախաղերը բացասաբար են ազդում երեխաների վարքի վրա։ Ընդ որում, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան երկար է երեխան խաղում այդ խաղերը։ Օքսֆորդի համալսարանի գիտնականների խոսքով այն երեխաները, որոնք օրական երեք ժամից ավելի տեսախաղերով են տարվում, հաճախ գերակտիվ են, մասնակցում են կռիվների եւ հետաքրքրված չեն ուսմամբ։

Հետազոտողներն ուսումնասիրել են տարբեր տեսակների ու ժանրերի տեսախաղերի ազդեցությունը երեխաների վարքի ու առաջադիմության վրա, գրում է MedDaily-ն։

Մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել 12-13 տարեկան 200 երեխաների շրջանում։ Նրանց առաջադիմությունն ու վարքը գնահատել են ուսուցիչները։ Դաժան խաղերի եւ իրական կյանքում ագրեսիայի միջեւ ուղղակի կապ գիտնականները չեն գտել, այսինքն երեխաների վարքի վրա ազդում է ոչ թե խաղի տեսակը, այլ տեսախաղով տարվելու ժամանակը։

Այն երեխաները, որոնք տեսախաղեր են խաղացել օրկան մեկ ժամից պակաս, ավելի նորմալ վարք են ունեցել։ Գիտնականները խորհուրդ են տալիս հետեւել, թե որքան ժամանակ է երեխան նվիրում տեսախաղերին։ Որոշ ծնողները կարող են մտածել, որ ռազմավարություն ունեցող խաղերը եւ գլուխկոտրուկները բարձրացնում են առաջադիմությունը եւ զարգացնում սոցիալական ունակությունները, սակայն հետազոտությունն ապացուցել է, որ դա այդպես չէ։