Ամերիկյան գիտնականները հույս ունեն առաջիկա երկու տարիներին առաջին ռոբոտ-սարդն ուղարկել մերձերկրային ուղեծիր՝ տիեզերքում ալեհավաքներ, ալեհավաքային ցանցեր եւ արեւային մարտկոցներ տեղադրելու համար: Այս մասին հայտարարել է NASA-ի Tethers Unlimited ընկերության ղեկավար Ռոբերտ Հոյթը:

Նրա խոսքով, այդ ռոբոտները 3D տպիչներ եւ այլ սարքեր կունենան եւ կկարողանան տասնյակ եւ նույնիսկ հարյուր անգամ ավելի մեծ չափսերի կառույցներ ստեղծել, քան հնարավոր է Երկրի մակերեւույթից տիեզերք հասցնել:

«Մեր աշխատանքի երկարաժամկետ նպատակն է՝ տեղական ռեսուրսներն օգտագործել տիեզերքում ենթակառուցվածքներ ստեղծելու համար, որն անհրաժեշտ է երկրաբնակներին՝ արեգակնային համակարգն ուսումնասիրելու համար»,- Հոյթի խոսքերն է մեջբերում բրիտանական «Daily Express»-ը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մերձերկրային ուղեծիր տարբեր սարքավորումներ հասցնելը բարդ է ու ծախսատար: Հումքը հենց տիեզերքում մշակելու դեպքում հնարավոր կլինի կրճատել ծախսերն ու նոր հնարավորություններ ստեղծել: Խոսքը տիեզերքում հենց տիեզերական սարքերի կառուցման մասին է, որոնք կարող են ավելի տարողունակ եւ պարզ լինել, քան այժմյան տիեզերանավերը: