«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն մայիսի 14-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել (ցերեկային սակագնի դեպքում՝ 31.4%, գիշերայինի՝ 20.5%): Հետաքրքիր է, որ հայտի ծավալը համակարգչում հասնում է 1 գեգաբայթի:
Սակայն, չնայած այդ ռեկորդին, նոր սակագնի համար հասկանալի հիմնավորում չկա: Թերեւս, հարկավոր էլ չէ: Ամեն ինչ արդեն ծանոթ սցենարով կընթանա. Հանձնաժողովը փոքր-ինչ կշտկի հայտը եւ կհաստատի սակագինը: Բայց կարելի է դիտարկել փաստաթուղթը, որում հետաքրքիր տեղեկություն կա:
2009 թվականին «Ernst & Young» ընկերությունը հաշվարկել է ՀԷՑ-ի հիմնական միջոցների եւ օբյեկտների, այսպես կոչված, «արդարացի արժեքը»: Նկատենք, որ «արդարացի արժեքն» այն իրական գինն է, որը կարելի է ստանալ ակտիվները վաճառելու դեպքում: Եվ այսպես, այն կազմել է 158.5 մլն դոլար:
Գաղտնիք չէ, որ ՀԷՑ-ի հիմնական միջոցների զգալի մասը մեծ տարիք ունի, այդ թվում՝ դեռեւս խորհրդային ժամանակներից մնացած բարձրավոլտ տրանսֆորմատորները, որոնց այժմյան գները տատանվում են: Մնացորդային ահռելի արժեքից դատելով՝ թանկարժեք սարքերը կես դարի ընթացքում չեն մաշվել:
2002 թվականի տվյալներով, շենքերի, 110 կՎ-անոց օդային գծերի, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների 80%-ն անբավարար վիճակում են եղել: Բայց դա, իհարկե, չի վերաբերվում ընկերության ղեկավարության ծառայողական ավտոմեքենաներին:
Եվ այսպես, սակագնի հաստատման դեպքում, ՀԷՑ-ի տարեկան եկամուտը կհասնի 226.8 մլրդ դրամի՝ առանց ԱԱՀ-ի: Միաժամանակ, անձնակազմի աշխատավարձերի փոխանցումները կկազմեն 22.6 մլրդ դրամ, այսինքն՝ եկամուտի 10%-ը: Բայց իմաստ չունի հաշվարկել աշխատակիցների միջին աշխատավարձ, քանի որ ղեկավարության եւ շարքային աշխատակիցների աշխատավարձերի միջեւ տարբերությունը հսկայական է:
Միաժամանակ, ՀԷՑ-ը հսկայական պարտքեր ունի, որոնցից ավելի քան 0.2 մլրդ-ը՝ վարկային պարտավորությունների, եւ 16 մլրդ դրամ էլ՝ այլ կազմակերպություններին պարտքերի տեսքով: Պարզ չէ, սակայն, թե ինչպես են կուտակվել այդ պարտքերը, եթե 2013-2014 թվականներին էլեկտրաէներգիայի սակագինը երկու անգամ բարձրացվել է:
Հայաստանի քաղաքացիների մեծ մասի ընտանեկան բյուջեն ռետինե չէ: Այդ պատճառով էլեկտրաէներգիայի սակագնի ավելացումն անխուսափելիորեն կհանգեցնի այլ ապրանքների եւ ծառայությունների համար նախատեսված ծախսերի կրճատման: Դրա հետեւանքով կշարունակվի էներգակիրների գծով երկու մենաշնորհատերերի շահույթի աճը՝ տնտեսության այլ հատվածների հաշվին:





























