ԱՆ-24 ինքնաթիռի վթարից փրկվածներներից մեկը մահացել է հիվանդանոցում: Այս մասին «Ռիա նովոստիին» հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոյարսկի մարզի գլխավոր վարչության ներկայացուցիչը: Նրա խոսքով, ավիավթարից փրկված 42-ամյա Սերգեյ իսակովը տեղափոխվել է Իգարկիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Այսպիսով, վթարի զոհերի թիվը հասել է 12-ի: Հիվանդանոցում են ինքնաթիռի անձնակազմի երեք անդամները, որոնց վիճակը բավարար է գնահատվում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը Կրասնոյարսկի օդանավակայանից Իգարկի թռչող ինքնաթիռը օդանավակայանից 700 մետր հեռավորության վրա վայր է ընկել, ապա այրվել: Հրդեհը հնարավոր է եղել մարել: Իրավապահների տվյալներով, ինքնաթիռում գտնվել են 11 ուղեւորներ, այդ թվում մեկ անչափահաս եւ անձնակազմի 4 անդամները:
Ռոսավիացիայի տվյալներով, ուղեւորատար ինքնաթիռը վայր է ընկել, երբ մշուշոտ եղանակին փորձել է վայրեջք կատարել:




























