NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի Դիվանագիտական դպրոցում աշխատող միջազգային հարաբերությունների մասնագետ Անդրանիկ Իսրայելյանի՝ «Foreign Policy Journal»-ում հրապարակված հոդվածը:

2003 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձավ Թուրքիայի վարչապետ՝ փոխարինելով Աբդուլլահ Գյուլին: Վերջինը զբաղեցրեց երկրի ԱԳ նախարարի պաշտոնը, իսկ Ահմեդ Դավութօղլուին առաջարկեցին արտաքին քաղաքականության հարցերով վարչապետի խորհրդականի պաշտոնը: Այս եռյակը պետք է հետագա տասնամյակի ընթացքում ձեւավորեր թուրքական արտաքին քաղաքականությունը: «Հայկական բացահայտումը» դարձավ Անկարայի արտաքին քաղաքականությունը կերտողների դժվարագույն խնդիրներից մեկը:

Իմամ Հաթիփի կրոնական դպրոցի շրջանավարտ եւ նախկին կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Էրդողանը եռյակի ամենաազդեցիկ կերպարն էր, սակայն բավական պասիվ դերակատարում ուներ Թուրքիայի արտաքին քաղաքականության ձեւավորման գործում: Դա լավագույնս բացատրվում է նրա նեղ աշխարհայացքով: Էրդողանի գլխավոր խորհրդականը՝ Իբրահիմ Կալինը, ավելի ուշ նրա բնութագրել է որպես գործիչ, այլ ոչ դիվանագետ, ընդ որում՝ միջազգային հարաբերությունները վատ հասկացող գործիչ:

Ատելությամբ լի նրա ելույթները հանգեցրեցին Իսրայելի, Եգիպտոսի եւ Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունների խզման: Մեծ Բրիտանիայի Էքսեթերյան համալսարանի շրջանավարտ Աբդուլլահ Գյուլը միշտ պարկեշտ մարդ է եղել: Երբ 2003 թվականին ԱԳ նախարար Գյուլը հանդիպեց իր հայաստանցի գործընկեր Վարդան Օսկանյանին եւ առաջարկեց առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել, Հայաստանի ԱԳ նախարարին դա զարմացրեց: Սակայն ամիսներ անց Գյուլն Օսկանյանին խոստովանեց, որ թուրքական ղեկավարության շրջանում ակտիվ բանավեճերը հանգեցրեցին նրան, որ Ադրբեջանի շահերն անհնար է շրջանցել: Դա, թերեւս, «հայկական բացահայտման» հարցում գաղափարախոսների եւ պրագմատիկների միջեւ առաջին ճեղքվածքն էր:

Արդեն 2008 թվականին, լինելով նախագահ, Գյուլն ընդունեց Երեւան այցելելու՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: Դա սկիզբն էր այն բանի, որն արտաքին քաղաքական շրջանակներում սկսեցին կոչել «ֆուտբոլային դիվանագիտություն»: Գյուլը Թուրքիայում «հայկական բացահայտման» շարժիչ ուժն էր, իսկ նրա ԱԳ նախարար Ալի Բաբաջանն ամենօրյա աշխատանքի հրաշալի թեկնածու էր:

Մինչ այդ պրագմատիկները գործընթացն առաջ էին մղում, Թուրքիայի գաղափարախոսներն առանց տատանվելու սկսեցին միջամտել: 2009 թվականի մայիսին Բաբաջանին փոխարինելու եկավ Ահմեդ Դավութօղլուն: ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Դավութօղլուն, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա Դեւիդ Ֆիլիպսի խոսքով, սկսեց հայ-թուրքական արձանագրություններ կազմել: Դավութօղլուի նշանակումից մի քանի օր անց Էրդողանը Բաքու ուղեւորվեց, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ադրբեջանական մտահոգությունները:

Այն, ինչ տեղի ունեցավ հետագայում, աներեւակայելի էր Գյուլի եւ Դավութօղլուի համար: Ուշադրություն չդարձնելով ԱԳՆ-ի հրահանգներին՝ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

Ճակատագրի հեգնանքով, «ֆուտբոլային դիվանագիտությունը» կործանվեց նախկին ֆուտբոլիստի կողմից՝ դիվանագիտության հանդեպ նրա ատելության պատճառով: Այդ համատեքստում արտաքին գործերի նոր նախարար Մեւլութ Չավուշօղլուն այլ ընտրություն չունի, քան Հայաստանին հայտարարել հարաբերությունների կարգավորման գործընթացի խզման մասին՝ Թուրքիայի խամրած կերպարի մեղքը բարդելով հայկական սփյուռքի վրա: