Երեւանում կրկնուսույցի ամսական վճարը կազմում է 30-50 հազար դրամ, մարզերում՝ 15-25 հազար դրամ: Դիմորդները սովորաբար կրկնուսույցի մոտ պարապում են առնվազն 1 տարի, սովորաբար 2 տարի՝ ակնկալելով բարձր միավորներ ստանալ եւ երաշխավորելով իրենց բուհ ընդունվելը:

Թեեւ կրթության եւ գիտության նախարարը պնդում է, որ այսօր շատ հեշտ է առանց կրկնուսույցի մոտ պարապելու ընդունվել ցանկացած համալսարան, դիմորդներն ու նրանց ծնողները հակառակն են պնդում:

«Գերազանցիկ երեխա է, բայց առանց պարապելու ընդունվել չէր կարող, դա միանշանակ, քանի որ հարցերը բավականին բարդ են, մի մասն էլ նույնիսկ դպրոցական ծրագրում ընդգրկված չէ»,- ասում է ծնողներից մեկը, որի որդին պատրաստվում է ընդունվել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետ:

Այսօր բուհ ընդունվելու համար ավագ դպրոցի աշակերտը ստիպված է առնվազն 2 առարկա պարապել: Նշանակում է՝ ընտանեկան բյուջեից ամսական միջինը 60 հազար դրամ պետք է տրամադրել երեխայի պարապմունքներին: Հարկ է նշել, որ հայոց լեզուն կարելի է պարապել 30 հազար դրամով, իսկ օտար լեզուները՝ 40 հազար դրամից ոչ պակաս:

Մեծ նշանակություն ունի նաեւ, թե ում մոտ է դիմորդը պարապում: Դասախոսների մոտ պարապմունքները սկսվում են 50 հազար դրամից:

«Դասախոսի մոտ եմ պարապում, շատ լավ մասնագետ է, 50 հազար ենք վճարել ամսական, չեմ կարծում, որ գումարը շատ է, որովհետեւ լավ մասնագետ է»,- նշում է դիմորդներից Տաթեւը:

Առավել ապահովված ընտանիքներն էլ իրենց երեխաներին ուղարկում են պարապելու այն կրկնուսույցների մոտ, որոնք այս կամ այն միասնական քննության շտեմարանի համահեղինակներից են: Ի դեպ, նման կրկնուսույցների մոտ ամսական վճարը կազմում է մի քանի հարյուր հազար դրամ:

Մարզերում պատկերն այլ է. կրկնուսույցի մոտ պարապմունքի արժեքը սկսվում է 20 հազար դրամից՝ կախված ուսուցչի «հեղինակությունից»:

Թեեւ կրկնուսույցի մոտ պարապմունքները մասսայական բնույթ են կրում, կան նաեւ դիմորդները, որոնք ինքնուրույն են պատրաստվում ընդունելության քննությանը:

«Միասնական քննություններից միայն «Հայոց լեզվի եւ հայ գրականության» քննությունն եմ հանձնելու, որովհետեւ Թատերական ընդունվելու համար դա է պետք: Ես էլ ինքնուրույն եմ պատրաստվել, կարծում եմ՝ անցողիկ միավոր կստանամ»,- նշում է Գոռը:

Նշենք, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն անընդհատ պնդում է, որ կրկնուսույցների ինստիտուտը Հայաստանում վերանում է:

Դեռ 2014թ. օգոստոսին նախարարը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Շտեմարանների ներմուծումը թույլ տվեց կանխատեսելի դարձնել ընդունելության գործընթացը եւ կրկնուսույցների մոտ պարտադիր պարապելու լեգենդը վերանում է: Նաեւ փաստ է այն, որ ուսանողների մեծ մասը մարզերից են, իսկ այնտեղ չկան կրկնուսույնցների այնպիսի տեսակի գոյությունը,  ինչպիսին Երեւանում է»: