Շիրակի մարզում մեկ օրվա տարբերությամբ հայտնաբերված Քրիստ Վարդանյանի ու Սամվել Հակոբյանի մահվան գործով հետաքրքիր զարգացումներ են եղել: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանել են օրեր առաջ NEWS.am-ի ուղարկած հարցմանը 2 ընկերների սպանության գործի մասին:

Դատախազությունից հաստատել են NEWS.am-ի ավելի վաղ հրապարակած տեղեկությունը այն մասին, որ դատախազը որոշում է կայացրել քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու մասին:

Նշենք, որ Շիրակի մարզում մարտի 7-ին Ք.Ս. Վարդանյանի սպանության, մարտի 8-ին՝  նույն մարզում, մեկ այլ՝ Ս.Մ. Հակոբյանիսպանության դեպքքերի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում մեկ օր տարբերությամբ հարուցվել է երկու քրեական գործ:  2015 թվականի մարտի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Ա.Միքայելյանը որոշում է կայացրել երկու քրեական գործերը միացնելու մասին, համարելով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ Ք. Վարդանյանը և Ս. Հակոբյանը դեպքի պահին եղել են միասին, հետևաբար, նրանց սպանել է նույն անձը կամ անձինք, ուստի նշված քրեական գործերով համատեղ նախաքննությունը պարտադիր է, դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով:

2015 թվականի մարտի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ արդեն իրար միացված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Դատախազությունից հայտնեցին, որ քրեական գործի ստուգմամբ պարզվել է, որ Ք.Վարդանյանի և Ս. Հակոբյանի սպանությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել ենՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում, ուստի 2015 թվականի մարտի 31-ին նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող  դատախազի կողմից ցուցում է տրվել քրեական գործերն անջատելու մասին:

«2015 թվականի ապրիլի 15-ին և 17-ին դատախազի կողմից քրեական գործը պահանջվել է ստուգման համար, որը ներկայացվել է 2015 թվականի ապրիլի 22-ին:

Քրեական գործի ստուգմամբ պարզվել է, որ Ք. Վարդանյանի և Ս. Հակոբյանի սպանությունների վերաբերյալ քրեական գործերն անջատելու մասին 2015 թվականի մարտի 31-ին տրված ցուցումը քննիչի կողմից չի կատարվել, ավելին՝  2015 թվականի ապրիլի 15-ին որոշումներ են կայացվել Ա.Մելքոնյանին առանձնապես ծանր հանցագործություն պարտակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու և հետախուզում հայտարարելու մասին: 2015 թվականի մայիսի 1-ին մեղադրյալ Ա.Մելքոնյանը հայտնաբերվել և կալանավորվել է: Նույն օրը նրան առաջադրվել է մեղադրանք:

Առանց օրենքով նախատեսված հիմքերի մեկ վարույթում միացված քրեական գործերի նախաքննության ընթացքում ստացված ապացույցներն առերևույթ հանդիսանում են քրեական գործերը մեկ վարույթում միացնելու կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալներ: Սակայն քննիչի կողմից դրանց հիման վրա որոշում է կայացվել Ա.Մելքոնյանին նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Նշված հանգամանքները վկայում քրեական գործով քննչական խմբի ղեկավարի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առերևույթ առկայության մասին: Ելնելով վերոգրյալից, 2015 թվականի ապրիլի 27-ին վերոնշյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննության համար ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:  Արմեն Մելքոնյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է առանց բավարար ապացույցների համակցության, քանի որ հիշյալ որոշման կայացման համար հիմք հանդիսացած փաստական տվյալները ձեռք են բերվել առանց օրենքով նախատեսված հիմքերի միացված քրեական գործի քննության ընթացքում, այսինքն՝ քրեական գործերը միացնելու դատավարական կարգի էական խախտմամբ, իսկ մինչև քրեական գործերը միացնելը ձեռք բերված փաստական տվյալներն Ա. Մելքոնյանին մեղսագրվող արարքը հիմնավորող տեղեկություններ չեն պարունակում: Բացի այդ, Արմեն Մելքոնյանի հայտնաբերումից հետո ստացված փաստական տվյալները նույնպես ձեռք են բերվել քրեական գործերը միացնելու դատավարական կարգի էական խախտմամբ: