«Նաիրիտը» չի կարող մրցունակ լինել, նրա շահագործումը տնտեսապես շահավետ չէ: Այս մասին նշված է «Նաիրիտի»  հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ Համաշխարհային Բանկի կողմից ներկայացված նախնական հաշվետվության մեջ:

Հաշվետվությունը քննարկվել է այսօր՝ հունիսի 9-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական խորհրդում:

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը դիմել էր ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: ՀԲ-ն   «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության   մասնագետների միջոցով իրականացրել է ֆինանսատնտեսական աուդիտ, որի նախնական եզրակացությունն  արդեն ներկայացված է ՀՀ կառավարություն եւ գործարանի ղեկավարությանը։

ՀԲ-ի հաշվետվության քննարկմանը մասնակցել են ինչպես «Նաիրիտի» արտադրատեխնիկական խորհրդի անդամները, այնպես էլ՝ կառավարման խորհրդի  ու նախարարության ներկայացուցիչները։

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է գործարանի հետագա շահագործման վերաբերյալ ՀԲ-ի եզրակացությունը, որտեղ նշված է, որ գործարանը չի աշխատել 2010 թվականից ի վեր, եւ նրա մասնավոր սեփականատերը լքել է այն։ Այսօրվա դրությամբ գործարանի պարտավորությունները գերազանցում է 121 մլրդ դրամը /250մլն ԱՄՆդոլար/, որի մեջ մտնում է ԱՊՀ Միջպետական բանկի չմարված վարկը։ Այդ ժամանակահատվածում գործարանը որեւէ եկամուտ չի ստացել եւ աշխատավարձերի վճարման ու պահպանության ծախսերի համար ապավինել է Երեւանի ՋԷԿ-ի փոխառություններին։ Երեւանի ՋԷԿ-ի  նկատմամբ ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ դրամ /48 մլն ԱՄՆ դոլար/։ Ավելի կրեդիտորական պարքերի կուտակումը շարունակվում է նաեւ այսօր: ՀԲ մասնագետները եզրակացության մեջ նշում են, որ եթե ստեղծված վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր   բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական  ընկերությունների  վրա՝ տարեկան շուրջ 3 մլրդ դրամի չափով աշխատավարձերի վճարման եւ գործարանի պահպանության համար։ 

ՀԲ հաշվետվության մեջ նշված է, որ գործարանի վերագործարկման համար կպահանջվի 210-346 մլն. ԱՄՆ դոլար: Նշված է նաեւ, որ «Նաիրիտի» մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի կանխատեսվող գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ։

ՀԲ աուդիտորներ ուսումնասիրել եւ եզրակացրել են, որ թե բութադիենի, թե ացետիլենի վրա հիմնված արտադրական գործընթացների պայմաններում  «Նաիրիտը» կունենա արտադրության ամենաբարձր ինքնարժեքներից մեկը՝ միջազգային շուկայում: ՀԲ մասնագետները մատնանշել են նաեւ գործարանի հիմնական միջոցների զգալի մասի նշանակալի մաշվածությունը:

Դրանից բացի  ՀԲ աուդիտորների կարծիքով՝ «Նաիրիտը» ֆինանսապես կենսունակ դարձնելու համար կպահանջվի ծախսերի անիրատեսական կրճատում կամ պոլիքլորոպրենային կաուչուկի գնի բարձրացում։ Դրա արդյունքում  «Նաիրիտը» ի վիճակի չի լինի մրցել եվրոպական, ասիական եւ այլ  շուկաներում՝ արտադրության բարձր ինքնարժեքի ու շուկաներից հեռավորության պատճառով։ ՀԲ մասնագետների գնահատմամբ Նաիրիտի գործարկման նախագծում կատարված կապիտալ ներդրումները հետ կգնվեն միայն 30-35 տարվա ընթացքում /ցածր հատույցների պատճառով/ , ինչ գրավիչ չէ ներդրողների համար:

«Նաիրիտը» չի կարող մրցունակ լինել, ուստի գործարանի հետագա  հետ շահագործումը տնտեսապես շահավետ չէ։

Քննարկմանը մասնակցող նաիրիտցիները համաձայն չէին ՀԲ-ի նախնական եզրակացության հետ, եւ նշել են, որ գործարանը կարելի է վերագործարկել 4 անգամ քիչ ներդրումներով, եւ իրենք էլ ունեն հիմնավորումներ, որ  «Նաիրիտը» կորող է տալ մրցունակ արտադրանք:

Ինչեւէ, ՀԲ մասնագետները ներկայացրել են իրենց կարծիքն ու եզրակացությունը, սակայն «Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ  որոշում կայացնողը, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունն է։