NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Դեւիդ Ֆլոյդի՝ «Nasdaq» ֆոնդային բորսայի կայքում հրապարակված հոդվածը:
Հաշվի առնելով եվրոգոտու բազմաթիվ աղետները՝ դժվար է պատկերացնել, թե ինչու է մեկ այլ տարածաշրջան ցանկանում միասնական արժույթի նախագիծ իրականացնել: Բայց աշխարհը լի է անակնկալներով: Մայիսի 29-ին Ղազախստանում կայացած գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանի վարչապետ եւ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությունը «դիտարկելու է երկարաժամկետ հեռանկարում արժութային միության ստեղծման հնարավորություններն ու պայմանները»:
ԵՏՄ անդամ պետություններից միայն Ռուսաստանն է մեծ ցանկություն հայտնել միասնական արժույթի ստեղծման մասին: Ինչպես Կրեմլի այլ հաղորդումների դեպքում, այս անգամ էլ փաստարկը ճշմարտության տարօրինակ խեղաթյուրումն է: Պաշտոնյաները հղում են կատարում ԱՄՆ տնտեսության պոտենցիալ քայքայմանը, հնարավոր է՝ նրանք նկատի ունեին ռուսակա՞ն տնտեսությունը: Կամ գուցե առաջարկում էին արգելե՞լ ԵՏՄ անդամների գործարքներում եվրոն եւ դոլարը: Իրականում, ՌԴ Կենտրոնական բանկը կրճատեց իր արժութային պահուստները, որպեսզի աջակցի ռուբլուն, եւ հիմա հույս ունի լրացնել դրանք՝ հասցնելով մինչճգնաժամային մակարդակի:
Մինչ այդ, Ղազախստանը պաշտպանում է իր ինքնիշխանությունը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, որ միասնական արժույթը պետք է «օրակարգային ամենավերջին հարցը լինի», իսկ Հայաստանը, հավանաբար, դեռեւս տենչում է հասնել ԵՄ-ին անդամակցության: Այս երկրներից ոչ մեկը, կարծես, միասնական արժույթ չի ցանկանում:
Սակայն չափանզանց ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանին չի հուզում, թե ինչ են ցանկանում մյուս երկրները: Եթե Կրեմլը համարի, որ միասնական արժույթն իր շահերից է բխում, այն կօգտագործի էներգիան, դրամական փոխանցումներն ու քարոզչությունը, որպեսզի իր հարեւաններին ստիպի ընդունել դա: Առայժմ դժվար է պատկերացնել, թե միասնական արժույթը որքան կարեւոր է Ռուսաստանի առաջնորդների համար:
2014 թվականի հոկտեմբերին «Պրավդա»-ն հաղորդեց, որ ԵՏՄ-ի միասնական արժույթը, ամենայն հավանականությամբ, ալտին կկոչվի: Այդ անվանումը 15-րդ դարում օգտագործվել է տարբեր արժույթների վերաբերյալ: Տեղեկատվության մեջ նույնիսկ այդ արժույթի ներդրման ժամկետներ էին նշվում. 2025 թվական՝ տարբեր հավասար պայմաններում, բայց, հնարավոր է, որ նաեւ 2017 թվական՝ պատժամիջոցների ազդեցության պատճառով:
Դատելով անդամ-պետությունների տնտեսությունների համեմատական չափերից՝ ալտինը, ըստ էության, նույն ռուբլին կլինի: Եթե հաշվի առնենք 2013 թվականի ՀՆԱ-ի մասին Համաշխարհային բանկի տվյալները, ապա Ռուսաստանն առաջարկվող ալտին-գոտու 87%-ն է կազմում:
Ի հակադրություն սրա՝ եվրոգոտու երկու խոշորագույն տնտեսությունները՝ Ֆրանսիան եւ Գերմանիան, միասին կազմում են 50%-ից պակաս: Ընդ որում, եվրոգոտու 13.2 տրլն դոլարի միասնական ՀՆԱ-ն շուրջ 5.5 անգամ ավելի է, քան 2.4 տրլն ալտին-գոտու ՀՆԱ-ն:
Նորաստեղծ ԵՏՄ-ում Ռուսաստանի գործընկերները նյարդայնանում են Պուտինի հավակնություններից եւ, ծայրահեղ դեպքում, երբ գործը հասնում է նրանց ներքին լսարանին, ցանկանում են ներկայացնել միասնական արժույթի դեմ իրենց դիրքորոշումը: Մյուս կողմից, Ռուսաստանն ազդեցության մեծ լծակներ ունի այդ երկրների կառավարությունների վրա, որոնց տնտեսությունը կախված է ռուսական գազից եւ ռուսական քաղաքներում աշխատող միգրանտների դրամական փոխանցումներից: Արդյո՞ք ալտինն իրականություն կդառնա. դա գլխավորապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է Կրեմլը տարված այդ գաղափարով:





























