Բրիտանացի հայտնի դերասան Ռոուեն Աթքինսոնը, նույն ինքը՝ միստր Բինը, իր McLaren F1-ը վաճառել է 8 մլն ֆունտ սթեռլինգով (12.2 մլն դոլար): Գործարքն իրականացրած լոնդոնյան Taylor and Crawley դիլերի տեղեկացմամբ, ավտոմեքենայի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել ամբողջ աշխարհից, բայց այն բաժին է հասել Մեծ Բրիտանիայի բնակչին:

Աթքինսոնը մեքենան գնել է 1997 թվականին, 540 հազար ֆունտ սթեռլինգով: Երկու անգամ՝ 2009 եւ 2011 թվականներին, նա սուպերքարով վթարի է ենթարկվել: Վերջին վթարի ժամանակ դերասանը թաց ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս թռել մայրուղուց եւ բախվել սյանը:

Ըստ Motor-ի, հարվածից հետո այրվելու արդյունքում մեքենան լրջորեն վնասվել է, սակայն Աթքինսոնը միայն ուսի վնասվածք է ստացել: Արդյունքում, դերասանը Մեծ Բրիտանիայի համար ռեկորդային ապահովագրական փոխհատուցում է ստացել՝ 910 հազար ֆունտ սթեռլինգ:

Ավտոմեքենան վերանորոգվել է Ուոքինգի McLaren-ի բազայում: Դերասանն այդ մեքենայով ընդհանուր առմամբ 65.600 կիլոմետր է երթեւեկել: