Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի բնակիչների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, չնայած այդ շրջանում իրականացվող վարակազերծման աշխատանքներին, ինչի անհրաժշետությունն առաջացրել էր Քուռ գետի վարարումը: Շրջանում դեռեւս չի վերականգնվել էլեկրաէներգիայի մատակարարումը, չի բավականացնում նաեւ սննդամթերքը: Ինչպես տեղեկացնում է «Ազադլիգ» թերթը՝ շրջանի բնակիչները բողոքում են սովից, քանի որ պետության պարենային օգնությունը չի բավականացնում:

«Այդ օգնության չափն այնքան աննշան է, որ մարդիկ սոված եմ մնում: Մենք մեկ մարդու համար շաբաթվա կտրվածքով ստանում ենք 1 կիլոգրամ սոխ, կարտոֆիլ, 1 լիտր բուսական յուղ, 2 կիլոգրամ ալյուր եւ մեկ հավ: Չնայած այն հանգամանքին, որ այդ ապրանքները նախատեսված են մեկ շաբաթվա համար, դրանք մեզ են հասնում 10 օրը մեկ: Նշված մթերքները չեն հերիքում, իսկ մարդիկ հնարավորություն եւ փող չունեն պարենային մթերքներն այլ տեղից ձեռք բերելու համար: Բացի այդ էլ մարդկանց ստիպում են շրջկենտրոններից գալ եւ ստանալ այդ մթերքները»,-բողոքեց Հասիմբեյլի գյուղի բնակիչ Շարաֆ Հախվերդիեւը: Ջրհեղեղից տուժած Հասիմբեյլի, Ակսերբեյլի եւ Յուխարը Ախթաչի  գյուղերի բնակիչները 10 օր առաջ երթ են իրականացրել դեպի Ադրբեջանի նախագահի նստավայր: Նրանք բողոքել են պետության կողմից որպես փոխհատուցում տրամադրվող  փոքր գումարներից: Շ.Հախվերդիեւը պատմեց, որ ողջ ընթացքում իրենցով ոչ ոք չի հետաքրքրվել: Մինչ օրս նշված գյուղերի տուժած բնակիչները դրամական փոխհատուցում չեն ստացել: Ժամանակ առաջ բնակիչներից յուրաքանչյուրին տրամադրվել է 200-300 մանաթ, սակայն տուժած բնակչությունը հրաժարվել է գումարից, քանի որ գումարի չափը մի քանի անգամ փոքր է եղել նրանց կրած վնասից: