Հայկական բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպի, սպանության թիվ մեկ պատասխանատուն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունքի եւ ազատւթյան կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Վարդան Հարությունյանը՝ անդարդառնալով բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ Պնախարարությունում հրավիրված կոլեգիայի նիստին:
Նա նշեց, որ երբ նախարարաը, առանց հայտարարելու, որ բանակի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, սկսում է պատժել այլոց, դա նշանակում է, որ նա իր վրայից գցում է պատասխանատվությունը: Օգոստոսի 6-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստն էլ, ըստ իրավապաշտպանի, կարելի է համարել բանակի ղեկավարության «ինքնախոստովանության» դրսեւորումներից մեկը, երբ բարձրագույն զինվորականությունը հավաքվել ու խոսում էր իր գործողությունների հետեւանքով ի հայտ եկած խնդիրների եւ դրանք լուծելու մասին: «Իրենց գործողություններով պրոբլեմներ են ստեղծում, հետո հավաքվում են ու որոշում, թե ոնց լուծեն այդ պորբլեմները»,- նշեց իրավապաշտպանը: Բացի այդ, ըստ նրա, Սեյրան Օհանյանը հասարակությանը հայտնի է որպես մարտի 1-ի պատասխանատվությունն իր վրա վերցրած պաշտոնյա: «Եւ այժմ այդ մարդը խոսում է բանակի «գաղափարադաստիարակչական աշխատանքների», «զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման» մասին, այն դեպքում, երբ նա մասնակցում էր մարտի 1-ի բռնաճնշումներին, քաղաքական հայտարարություններ էր անում»,- նկատեց Հարությունյանը: Հարցին, թե Սեյրան Օհանյանը պե՞տք է հրաժարական տա վերջին միջադեպերց հետո՝ «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» ղեկավարն արձագանքեց. «Նրա հրաժարականից հետո այդ պաշտոնում նրան կփոխարինի իր պես մեկը եւ բանակում ոչինչ չի փոխվի: Այսօր ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլ նաեւ երկրի բարձրագույն ղեկավարությունը պետք է հրաժարական տան եւ իշխանության գա ժողովրդի քվեն ստացած իշխանություն, որն էլ կկարողանա լուծել թե՜ բանակի, թե՜ ոստիկանության եւ թե՜ այլ ոլորտների խնդիրներն ու տեր կանգնել ժողովրդին»:
Հիշեցնեք, որ օգոստոսի 6-ին հրավիրված Պնախարարության կոլեգիայի նիստում Սեյրան Օհանյանի հրամաններով բանակում վերջին արտակարգ միջադեպերի հետ կապված՝ 8 սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Նրանցից յոթն արձակվել են պահեստազոր, մի շարք զինծառայողներ ենթարկվել են կարգապահական տարբեր տույժերի:



























