Ադրբեջանական բանտերում ներկայումս գտնվում են ծանր հիվանդ 8 քաղբանտարկյալներ, որոնք կարող են արժանանալ նախօրեին վախճանված «Թալիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամեդովի ճակատագրին։ Այս մասին օգոստոսի 17-ին «Թուրան» գործակալությանն է հայտարարել ադրբեջանցի իրավապաշտպան Նովելլա Ջաֆարովան։

«Ադրբեջանի բոլոր կալանավայրերում կան ծանր հիվանդ բանտարկյալներ։ Դրանք ութն են»,- հայտարարել է Ջաֆարովան՝ հավելելով, որ այդ բոլոր անձինք կարող են ազատ արձակվել առողջական վիճակի պատճառով, սակայն ադրբեջանական իշխանությունները նման հրահանգ չեն տալիս։

Դրանց թվում են «Բիզիմ յոլ» թերթի նախկին աշխատակից Մուշվիգ Հուսեյնովը, որը հիվանդ է ծանր տեսակի թոքախտով, կառավարության առաջատար նախկին նախարարներ Ալի Ինսանովն ու Ֆարհադ Ալիեւը, որոնք նույնպես բողոքում են առողջական վիճակից ու ապարդյուն պահանջում իրենց բուժմանը ներգրավել արտասահմանցի մասնագետների։

«Կալանավայրերում բանտարկյալների մահվան դեպքերը հարվածում են երկրի վարկանիշին։ Մեր գլուխը դեռ երկար կցավի կալանավայրում Նովրուզալի Մամեդովի մահվան պատճառով։ Եթե մենք չենք ցանկանում դա, ապա պետք է ամենակարճ ժամկետներում ազատ արձակենք հիվանդ բանտարկյալներին»,- նշել է Ջաֆարովան։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Ադրբեջանի բանտային հիվանդանոցում վախճանվել է Թալիշական մշակութային կենտրոնի ղեկավար ու «Թալիշի սադո» թերթի խմբագիր, 68-ամյա լեզվաբան-գիտնական Նովրուզալի Մամեդովը։ Չնայած տեղի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային կառույցների ու արեւմտյան դիվանագետների՝ ծանր հիվանդ Մամեդովին ազատ արձակելու մասին բոլոր կոչերին, ադրբեջանական իշխանությունները շարունակում էին նրան կալանքի տակ պահել։

Ըստ մեկ այլ իրավապաշտպան՝ Սաիդա Ղոջամանլիի, քաղբանտարկյալների մեջ առանձնահատուկ անհանգստություն են առաջացնում նախկին ոստիկան Մուշվիգ Մադաթովի, նախկին նախարարներ Ֆարհադ Ալիեւի ու Ալի Ինսանովի, Իրանի օգտին լրտեսելու համար դատապարտված Թելման Իսմայլովի, Առողջապահության նախարարության բաժնի նախկին պետ Ակիֆ Մահերրամովի, Դեմոկրատական կուսակցության ակտիվիստ Նաթիկ Էֆենդիեւի, երիտասարդ ակտիվիստ Ռուսլան Բաշիրլիի, ցմահ բանտարկության դատապարտված ղարաբաղյան պատերազմի հերոս Էլչին Ամիրասլանովի եւ լրագրող Մուշվիգ Հուսեյնովի առողջական վիճակը։