Ցավալի է, որ պետական պաշտոնյաները անողոք վերաբերմունք են ցուցաբերում հայրենի բնության հանդեպ՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության Վայքի պետ Հովհաննես Հակոբյանի մահվան փաստին: Նա, հիշեցնենք, օրերս էլեկտրահարվել էր՝ Արփա գետում գեներատորով ձուկ որսալու ժամանակ: «Իհարկե, ցավալի է, որ նման դեպք է եղել եւ մարդ է մահացել»,-ասաց Պեպանյանը՝ շարունակելով. «Եթե բնության հանդեպ նման վերաբերմունքը եզակի դեպք է, դեռ մի կերպ կարելի է հասկանալ, բայց եթե պարզվի, որ նման դեպքերը շատ են, կնշանակի, որ մեր իշխանական համակարգը եւս ունի խնդիր՝ հայրենի բնության հանդեպ բարեխիղճ վերաբերմունքի առումով»,-նշեց Պեպանյանը:
Հարցին, թե բնապահպանության նախարարությունն ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ցուցաբերի նմանատիպ երեւույթների հանդեպ, երբ պետական պաշտոնյաներն են զբաղվում բնությունը ոչնչացնելով, Պեպանյանն արձագանքեց. «Կապ չունի, դու պաշտոնյա ես, կամ հասարակ քաղաքացի: Դու պետք է հարգես քո երկիրն ու երկրի ամեն ինչը, այդ թվում բնությունն ու այն ձուկը, որը որսում ես, բայց որի իրավունքը չունես»:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանական վերնախավի ներկայացուցիչներից շատերի հոբբին որսորդությունն է: Հատկանշական է, որ նրանք որսի են դուրս գալիս հենց Հայաստանի արգելոցներում՝ սպանելով կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների: Նրանցից շատերն էլ մոլի բուսասերներ են, այն աստիճան, որ հայրենի անտառների հաշվին հոգում են իրենց առանձնատների կանաչապատումը: Օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի առանձնատանը վեր են խոյանում Դիլիջանի անտառներից արմատախիլ արված մոտ 15 մետրանոց արծաթափայլ եղեւնինիներ եւ այլ հազվագյուտ ծառատեսակներ: Թե ի՞նչ են մտածում այդ մասին ոլորտի պատասխանատուները՝ մնում է միայն ենթադրել:




























