Հովհաննես Մանուկյանի հետ մենք ոչ միայն համատեղ աշխատել ենք երկար տարիներ, այլեւ ընկերներ ենք. չեմ կարծում, որ պարոն Մանուկյանի դիմումը պաշտոնից ազատվելու մասին մեկնաբանման կարիք ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ներկայացնում ենք այս եւ այլ թեմաներով նրա հետ արած մեր hարցազրույցը:

Նոր սահմանադրության նախագծով, եթե քաղաքական ուժերից որեւիցե մեկը չի ստանում կայուն մեծամասնություն, այն  է՝ 50%+1, ապա պետք է անցկացվի երկրորդ փուլ՝ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջեւ: Ինչպե՞ս եք գնահատում այս դրույթը, արդյոք սրանով չի՞ սահմանափակվում քաղաքական ուժերի կոալիցիա կազմելու եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունը:

Սահմանադրության մակարդակով ամրագրված է հիմնական ուղղությունը, իսկ բուն մեխանիզմները իրենց արտացոլումը կգտնեն «Ընտրական օրենսգրքի» մշակման ժամանակ: Կարծում եմ՝ առաջին փուլում մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած քաղաքական ուժերը իրավունք կունենան մինչեւ երկրորդ փուլը կոալիցիա ստեղծել առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի հետ:

Բացի այդ, այս դրույթը չի՞ ենթադրում արհեստականորեն մեծացնել ամենից շատ ձայն ստացած ուժի դերը, որը սակայն չի ստացել 50 տոկոսից ավելի: Ասենք շատ ձայներ ստացած երկու քաղաքական ուժերի ձայները միասին կազմում են 25-30 տոկոս, ստացվում է, որ անտեսվում են մնացած 70 տոկոսի ձայնե՞րը:

Իրականում չի անտեսվում, քիչ ձայներ ստացած քաղաքական ուժերը իրենց տեղը գտնելու են խորհրդարանում,  նրանց պատգամավորների քանակը լինելու է նույնը, ինչ նրանք կստանային ընտրությունների առաջին փուլում պատգամավորական մանդատների բաշխման արդյունքում, այսինքն՝ որեւէ կուսակցություն չի ստանալու քիչ մանդատ, նման խնդիր չկա:

Նշվում է, որ ընտրությունների ժամանակ կուսակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին եւ ծրագրային դրույթները: Ո՞րն է նման պահանջի հիմնավորումը: Մենք տեսել ենք, որ որպես կանոն ծրագրային դրույթները զուտ քարոզչական նշանակություն են ունեցել: Թե՞ այս դեպքում դրանք նաեւ իրավական փաստաթղթեր են համարվելու:

Դրանք քաղաքական փաստաթուղթ կարող են համարվել, ոչ իրավական: Ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա գնահատելու թե քաղաքական ինչպիսի պլատֆորմով է գալիս այդ ուժը, ինչպիսի ակնկալիքներ պետք է ունենա նրանից, իսկ վարչապետի թեկնածուին ներկայացնելով՝ հնարավորություն է ընձեռվում ընտրել վարչապետին:

Ինչո՞ւ է սահմանադրության նախագծում ամրագրված, որ վարչապետին անվստահություն հայտնելիս պետք է լինի անվանական քվեարկություն: Արդյոք դա լրացուցիչ կաշկանդող գործոն չէ պատգամավորի համար, որ նա չքվեարկի այնպես, ինչպես կցանկանար, մտավախություն ունենալով հետագա անցանկալի զարգացումներից իշխանության հետ հարաբերություններում:

Պատգամավորների կողմից քաղաքական դիրքորոշումը բացահայտ արտահայտելը հույժ կարեւոր է, անվանական քվեարկությունը բարձրացնում է  քաղաքական պատասխանատվությունը ընտրողների առջեւ:

Սահմանադրության նախագծում նշվում է, որ ԱԺ-ն պետք է բաղկացած լինի առնվազն 101 պատգամավորից: Որքանո՞վ է կոռեկտ նման ձեւակերպումը, երբ հստակ չի նշվում ԱԺ պատգամավորների թիվը, ինչպես նաեւ առավելագույն թիվը:

Եթե հիմքում ընդունենք այն, որ ընտրությունների առաջին փուլի արդյունքում ձայները չեն կարող նվազեցվել երկրորդ փուլի արդյունքում, ապա պարզ է դառնում, որ եթե երկրորդ փուլի արդյունքում որեւէ կուսակցություն ստանում է լրացուցիչ տեղեր, պատգամավորների ընդհանուր թիվը աճում է եւ գերազանցում 101-ը, այսինքն՝ երկրորդ փուլում հաղթող կուսակցության կամ դաշինքի կողմից ստացած  պատգամավորական տեղերը  չեն իրացվելու մյուս ուժերի տեղերի հաշվին:

Սահմանադրության նախագծում նշվում է, որ երկրի նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որը կազմված է պատգամավորներից եւ ՏԻՄ ներկայացուցիչներից: Սակայն չի նշված, թե ինչպես են ընտրվելու ՏԻՄ-ը ներկայացնող ընտիչները, ինչը կարող է կամայական որոշումների հանգեցնի, որն էլ կարող է լրջորեն ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Սահմանադրությունը տալիս է հիմնական ուղղությունը, սկզբունքները, իսկ դրանք կյանքի են կոչվելու «Ընտրական օրենսգրքով»:

Սահմանադրության նախագծի 23-րդ «Կյանքի իրավունքը. Մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետում բառացի գրված է «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Արդյոք սրանով անուղղակիորեն չի արդարացնում սպանությունը, քանի որ միշտ իշխանությունն այն կարող է արդարացնել «բացարձակ անհրաժեշտությամբ», ինչպես օրինակ մարտի 1-ի նման դեպքերում:

Սահմանադրության յուրաքանչյուր նորմ պետք է մեկնաբանվի՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերը, իսկ բացարձակ անհրաժեշտությունը մեկնաբանված է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվեցիայի դրույթներով, ուստի՝ այն լրացուցիչ պարզաբանելու կարիք չկա:

Նոր Սահմանադրությամբ բոլորը շեշտը դնում են նախագահի, կառավարության եւ ԱԺ-ի լիազորությունների վրա: Իսկ դատական համակարգում ինչ փոփոխություններ են նախատեսվում, որոնք կարող են նպաստել դատական իշխանության անկախությանը: Արդյոք փոփոխվում է նրանց նշանակման կարգը: Օրինակ կան երկրներ, որտեղ դատավորները եւս ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ:

Եթե ուշադրություն դարձնեք  Սահմանադրության 7-րդ գլխին, ապա փոխվում է Սահմանադրական դատարանի  եւ Վճռաբեկ դատարանի դատավորների նշանակման կարգը, նրանք ընտրվում են Ազգային ժողովի կողմից: Ոչ պակաս կարեւոր է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումը, որի ձեւավորմանը մասնակցելու են թե դատավորները, թե Ազգային ժողովը:

Մամուլում մշտապես տեղեկություններ են շրջանառվել ձեր եւ արդարադատության արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի մասին, մասնավորապես այն, որ նա ձեր թեկնածուն է, ջերմ հարաբերություններ ունեք եւ այլն: Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա հեռանալը ու արդյոք հավանական է Ձեր թեկնածությունը նախարարի պաշտոնի համար:

Հովհաննես Մանուկյանի հետ մենք ոչ միայն համատեղ աշխատել ենք երկար տարիներ, այլեւ ընկերներ ենք: Չեմ կարծում, որ պարոն Մանուկյանի դիմումը պաշտոնից ազատվելու մասին մեկնաբանման կարիք ունի: Եւ ընդհանրապես՝ որեւէ մեկը հավերժ պաշտոն չի զբաղեցնելու, եւ դա բնական է: Ինչ վերաբերում է ինձ, ապա չեմ կարծում՝ նպատակահարմար է վերադառնալ հին աշխատանքին, ես միշտ հակված եմ զբաղվել նոր աշխատանքով:

Արդարադատության նախարարի պաշտոնին ժամանակավոր պաշտոնակատար նշանակվե՞լ է, եւ հնարավոր է նախարարի նշանակումը լինի սեպտեմբերին:

Ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արսեն Մկրտչյանը, իսկ թե ով կլինի նախարար, պարզ կդառնա շուտով: 

Եւ վերջին հարցը վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում աուդիտին, ո՞ր փուլում են աշխատանքները:

Ունենք երկու գործընթաց, խորհրդատվական ընկերության ընտրություն եւ աուդիտի անցկացում ՀԷՑ-ում: Այժմ տեխնիկական առաջադրանքների մշակման փուլում ենք, մի խոսքով՝ աշխատանքները ընթանում են:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը