«Այնպիսի տպավորություն է, որ 6 զինծառայողների սպանության հետ կապված՝ նախաքննության մարմնի կողմից ի սկզբանե առաջ քաշված վարկածը սպանվածների հարազատներին միմյանցից անջատելու, պառակտելու, յուրաքանչյուրի մասով առկա ինֆորմացիան թաքցնելու, իրականությունը խեղաթյուրելու եւ ցանկալի հունով տանելու նպատակ է հետապնդում: Եւ կարծես թե ստացվում է»,-գրում է թերթը: Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածով ժամկետային զինծառայող Կարո Այվազյանն է սպանել բոլորին, ապա ինքնասպան եղել:
«Ու թեեւ սպանվածների հարազատները չեն հավատում (կամ այնքան էլ չեն հավատում) այս վարկածին, այդուհանդերձ միասին գործելու, հանգամանքները պարզելու նրանց ջանքերը միասնական չեն: Սպանված սերժանտ Գարեգին Հովսեփյանի հոր՝ Գագիկի առաջին ջանքերն ապարդյուն են անցել. սպանվածներից մեկի ծնողներին ասել են, որ իրենց հարցերը իրենց ձեւով, առանձին կլուծեն, եւ Գագիկը որոշել է միայնակ պարզել իրողությունը: Վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանի հայր Միքայել Հովհաննիսյանի համար էլ դժվար է ինֆորմացիաների փոխանակումը ՝ ե’ւ հեռավորության, ե’ւ գուցե ֆինանսական առումով, թեեւ նա էլ փորձել եւ որոշ դեպքերում հաջողացրել է հանդիպել իր բախտակիցների հետ, սակայն արդյունքներն առայժմ էական ոչինչ չեն տվել: Հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանի (ով, իբր, զինվորի քնած լինելու պատճառով նկատողություն էր արել սերժանտ Անդրանիկ Սարգսյանին, ինչից էլ վեճ էր սկսվել) հարազատներն այս ողջ ընթացքում այդպես էլ լրատվամիջոցների հետ կապի դուրս չեկան, եւ ինչ-որ տեղ լռությունն անհասկանալի էր:
Տարօրինակ էր նաեւ Չարենցավանից զորակոչված եւ սպանված Արտեմ Մանասյանի ծնողների, մասնավորապես՝ հոր չխոսելու ցանկությունը: Իհարկե, մենք կարող ենք ենթադրություններ անել, սակայն ինքնին փաստը, որ ծնողների կողմից հանգամանքները պարզելու ջանք չկա, արդեն իսկ հիմք է տալիս եզրակացնելու, որ նրանց ամեն կերպ փորձել են կտրել մյուս զինծառայողների հարազատների հետ կապից: Գուցե պատճառն այն է, որ հանդիպման ժամանակ չպարզվեր, որ տղաների սպանությունը միեւնույն ժամանակահատվածում չի եղել»,-նկատում է թերթը:




























