Հայոց համազգային շարժումը օգոստոսի 23-ին վարչության եւ հանրապետական խորհրդի նիստեր է հրավիրելու՝ քննարկելու կուսակցության առաջիկա անելիքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ նորընտիր փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: Նիստերը նախատեսված էր անցկացնել եկող շաբաթասկզբին, սակայն արձակուրդային սեզոնի պատճառով նիստը հետաձգվել է: «Բացի այդ, օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի տարելիցն է եւ մենք որոշեցինք նիստն անցկացնել այդ խորհրդանշական օրը»,-նշեց Աբրահամյանը:
ՀՀՇ հանրապետական խորհրդի նիստի ժամանակ կուսակցության կանոնադրության պահանջով պետք է հաստատվեն կամ մերժվեն վարչության նախագահի, փոխնախագահի եւ քարտուղարի թեկնածությունները: ՀՀՇ 16-րդ համագումարում, ինչպես հայտնի է, ՀՀՇ վարչության նոր նախագահ է ընտրվել Արամ Մանուկյանը, փոխնախագահ՝ Սամվել Աբրահամյանը, իսկ քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Վահագն Հայոցյանի թեկնածությունը: Սամվել Աբրահամյանը ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում տեսականորեն չէր բացառել, որ ՀՀՇ խորհուրդը գուցե չհաստատի վարչության ղեկավար մարմնի կազմը:
Նշենք, որ նիստերին մասնակցելու են ՀՀՇ խորհրդի եւ վարչության 43 անդամները: Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նիստին չի մասնակցելու, քանի որ վարչության եւ խորհրդի անդամ չէ, այլ ՀՀՇ շարքային անդամ: Նա, հիշեցնենք, ներկա էր հուլիսի 17-ին տեղի ունեցած ՀՀՇ 16-րդ համագումարին եւ ծավալուն ելույթ ունեցավ:




























