Գիտնականները հայտարարել են, որ 20 տարեկանում հասակակիցների հետ քիչ շփվող մարդիկ մի քանի տասնամյակ անց առողջության հետ կապված նույնպիսի խնդիրներ են ունենում, ինչպես ալկոհոլն ու ծխախոտը չարաշահողները:
Հետազոտության հեղինակները 30 տարի շարունակ հետեւել են կամավորների՝ սկսած 20 տարեկանից: Գիտնականները վերլուծել են, թե ինչպես է փոխվել նրանց շփման շրջանակը հետազոտության մեկնարկից 10 տարի անց, այնուհետեւ՝ 20 տարի անց, ուսումնասիրել նրանց առողջական վիճակը: Հետազոտության սկզբում մասնակիցների թիվը 222 է եղել, ուսումնասիրության ավարտին, սակայն, ընդամենը 133:
Ըստ Gazeta-ի, արդյունքում պարզվել է, որ երիտասարդության տարիներին շփման լայն շրջանակ ունեցողները հետագայում առողջության հետ կապված ավելի քիչ խնդիրներ են ունեցել, քան նրանք, ովքեր մեկուսի կենսակերպ են վարել:
Ցավոք, մասնագետներն առայժմ չեն կարող ամբողջությամբ բացատրել իրենց հետազոտության արդյունքները, սակայն պատճառներից մեկը, ըստ նրանց, այն է, որ չշփվող մարդկանց հոգեբանական վիճակը հաճախ շատ ավելի վատն է, քան շփվող մարդկանցը:



























