Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի զբաղեցրած պաշտոնի շուրջ հետաքրքրությունը ժամանակ առ ժամանակ ուժգնանում է։ Մի քանի օր է՝ շրջանառվում է, որ Արմեն Ամիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Թե որքանով է այն համապատասխանում իրականությանը, «Հրապարակը» փորձել է ճշտել Ա. Ամիրյանից։
«Հ1»-ում ես ժամանակավոր պաշտոնակատար եմ, դեռ մրցույթ պիտի լինի, հրաժարվել-չհրաժարվելով չի, ես դեռ չեմ նշանակվել, որ հրաժարական ներկայացնեմ։ Ներկայիս «Հ1»-ի իմ գործառույթները ոչ մի հրաժարականի դիմումի հետ կապ չունեն, ես ընդամենը ժամանակավոր եմ»,–ասել է Ամիրյանը։ Իսկ թե ե՞րբ է հայտարարվելու երկար սպասված մրցույթը, նա դժվարացել է ժամկետներ նշել, միայն փոխանցել է, որ Հանրային ռադիոխորհուրդը պետք է այն նշանակի։
Արմեն Ամիրյանն իր հրաժարականի մասին խոսակցությունները պայմանավորել է «իրադարձությունների պակասով»: «Հրապարակը» գրում է նաեւ, որ Ամիրյանի հաժարականին զուգահեռ, շրջանառվում են նաեւ նրա զբաղեցրած պաշտոնում այլ թեկնածուների անուններ: Դրանք են՝ Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանն ու Սերժ Սարգսյանի նախկին մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը: Արմեն Ամիրյանն ասել է, թե առաջին անգամ է լսում այդ թեկնածուների անունները:




























