Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 4-րդ անգամ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Նման աղյուսակ ամեն տարի ներկայացնում է ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը: Նախորդ տարի ամսագիրը, բացատրելով իր այս որոշումը, ընդգծել որ Մերկելի շնորհիվ գերմանական էկոնոմիկան բարգավաճել է, գործազրկությունը նվազել է: Ու թեեւ այս տարի ինչպես ողջ աշխարհում, Գերմանիայում նույնպես տնտեսությունն անկում է ապրել, սակայն Մերկելը շարունակում է գրավել ցուցակի առաջին տեղը: Այս անգամ ամսագիրը գովել է Անգելա Մերկելին այն բանի համար, որ նա կարողացել է գործարար հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ՝ կապված «Հյուսիսային հոսք» գազամուղի նախագծի հետ:

Այս տարի աղյուսակում ռուս կանայք չեն ներառվել: Նախորդ տարի 100 ազդեցիկ կանանց ցուցակում են եղել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն և Գուլժան Մոլդաժանովան:

Նշենք, որ այդ ցուցակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշելը, զբաղեցրել է ընդամենը 40-րդ հորիզոնականը: