Ճապոնիայում մեկ օրում սաստիկ շոգից մահացել է հինգ մարդ, եւս հազար հոգի հիվանդանոց է տեղափոխվել ջերմային հարվածների պատճառով։ Ինչպես հաղորդել է NHK հեռուստաալիքը, տուժածներից յոթի վիճակը ծանր է։

Հիվանդանոց հասցվածների մեծամասնությունը տարեցներ են, որոնք դժվար են տանում շոգ եղանակը։ Հուլիսի սկզբից ի վեր Ճապոնիայում ջերմային հարվածների հետեւանքով մահացել է մոտ 30 մարդ, մոտ 20 հազարը հիվանդանոց է տեղափոխվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Շոգն ընդգրկում է Ճապոնիայի ամբողջ տարածքը։ Ֆուկուսիմայի եւ կենտրոնական Գումմայի հյուսիս-արեւելյան պրեֆեկտուրայում ջերմաստիճանի ցուցիչը հասել է մինչեւ 39,8 աստիճան։ Հոկայդո հյուսիսային կղզու տարածքի մեծ մասում ցերեկային միջին ջերմաստիճանը կազմում է 33-35 աստիճան։ Տոկիոյում ջերմային ռեկորդ է գրանցվել․  1875-ից ի վեր առկա վիճակագրական տվյալների համաձայն, առաջին անգամն է, որ Ճապոնիայի մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը վեց օր շարունակ 35 աստիճանից ցած չի իջնում։

Տաք եւ խոնավ եղանակը Ճապոնիայում հաստատվել է հուլիս ամսից։ Ամսվա միջամասում "Նանգա" թայֆունի շնորհիվ շոգը մի քիչ նվազել է, բայց այն բանից հետո, երբ արեւադարձային փոթորիկը վերածվել է ցածր ճնշման ոլորտի, ջերմաչափերի ցուցիչները դարձյալ գերազանցել են 30 աստիճան։ Անցյալ տարի շոգի պատճառով երկրում զոհվել է 30-ից ոչ պակաս մարդ, ավելի քան 35 հազարը տեղափոխվել է հիվանդանոց։