Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի լցակույտերից հնարավոր է հազվագյուտ մետաղներ եւ շինանյութ ստանալ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է նախագծի մեջ ներդրում արած «Ալյոտիգ» ԲԲԸ-ի տնօրեն Մանվել Ոսկանյանը։
Կոմբինատն իր լցակույտերն ընկերությանը կփոխանցի սեփականության իրավունքով՝ հետագա վերամշակման համար։ «Թե դրանցում որքան օգտակար նյութեր կան եւ ինչ քանակությամբ, մենք արդեն գիտենք։ Իսկ թե ինչ տեխնոլոգիայով ենք արդյունահանելու դրանք, դեռեւս չենք ուզում ասել, մինչեւ չարտոնագրենք այդ տեխնոլոգիան ու չսկսենք աշխատել», - նշել է Ոսկանյանը»։
Նշենք, որ խորհրդային տարիներին Հայաստանում փորձարկվել են Քաջարանի կոմբինատի թափոններից շինանյութ ստանալու տեխնոլոգիաներ (նկատի առնելով այն, որ փշրումից հետո թափոններն առանց այն էլ գտնվում են մանրացված վիճակում եւ լավ նյութ են հանդիսանում շինարարական սալիկների համար)։ Այն հարցին, թե արդյոք ընկերությունն ուսումնասիրել է այդ փորձարկումների արդյունքները, Ոսկանյանը պատասխանել է․ «Ես ինքս չեմ մասնակցել դրանց, մենք ստացել ենք շինանյութերի փորձնական նմուշները»։
Քաջարանի պղնձա-մոլիբդենային հանքավայրը (որը Հայաստանի խոշորագույն պղնձա-մոլիբդենային հանքավայրն է) նաեւ մեծ քանակով հազվագյուտ մետաղներ է պարունակում, որոնցից այժմ արդյունահանվում է միայն ռենիումը։ Պղնձի եւ մոլիբդենի համեմատ ոսկու քանակը հանքավայրում մեծ չէ, բայց հանքավայրի մեծ տարածքի շնորհիվ մեծ է նաեւ ոսկու բացարձակ ծավալը (ենթադրաբար՝ 40 տոննա կամ էլ հանրապետությունում 3-րդը)։ Այնուամենայնիվ, հանքավայրին կից ֆաբրիկայում ոսկու խտանյութ չի արտադրվում պղնձի եւ մոլիբդենի արդյունահանումից ստացվող մեծ շահույթի պատճառով։
40-ականների վերջից գործող Քաջարանի ՊՄԿ-ի լցակույտերն արդեն 300 միլիոն տոննայի են հասնում եւ տարեկան աճում են 18-20 միլիոն տոննայով։ Ներդրողը պատրաստվում է կառուցել տարեկան 12,5 միլիոն տոննա վերամշակման կարողությամբ ֆաբրիկա։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մոտ 1000 մշտական եւ 500 ժամանակավոր աշխատատեղ ստեղծել, ինչպես նաեւ լցակույտերից ազատել 400-600 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։



























