Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր`օգոստոսի 6-ին, «Օֆշորի գործով» հարցաքննվեց էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Գագիկ Քոչարյանը, որը ճանաչում էր եւ տուժող Փայլակ Հայրապետյանին, եւ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին:

Գագիկ Քոչարյանն ասաց, որ մասնակցել է ադամանդե հումքի ներկայացմանը, բայց հերքեց գործով տուժող Փայլակ Հայրապետյանի պնդումը, թե ինքը հանդիպումներից մեկի ժամանակ վերցրել է Աշոտ Սուքիասյանի տված ադամանդի հումքով լի թղթե ծրարը եւ մկրատով կտրել այն:

Նրա խոսքով`տնտեսական ճգնաժամից հետո իրենք ուշադրություն են դարձրել եւ քննարկել են բոլոր առաջարկները, որոնք կարող էին տնտեսական զարգացում ապահովել, այդ առաջարկներից մեկն էլ Աշոտ Սուքիասյանի` ադամանդի մշակմամբ եւ իրացմամբ զբաղվելու գաղափարն էր: Գագիկ Քոչարյանը նշեց, որ տուժող Փայլակ Հայրապետյանին հետաքրքրել է ադամանագործութունը, եւ նա համաձայնել է գրավ դնել իր ունեցվածը:

Դատարանում հարցաննվեցին նաեւ որպես բժիշկ Աֆրիկա մեկնած Հրանտ Մուրադյանը եւ բանվոր Ղուկաս Ղուկասյանը, որոնք նշեցին, որ Աշոտ Սուքիասյանը չի վճարել իրենց խոստացված ամբողջ աշխատավարձը` ամսական 2000 դոլար:

«Աշխատավարձը Հայաստանում ստանում էր կինս, գնում էր գրասենյակ, ստանում: Բայց մի քանի ամսվա գումար տվեցին մենակ: Վեց ամիս հետո ասեցին` մի երկու ամիս էլ մնա, մնացի, դրանից հետո գումար չունեի, որ հետ գայի, տոմսը 3000-4000 դոլար էր, հետո իմ միջոցներով հետ եկա»,- պատմեց վկա Ղուկաս Ղուկասյանը:

Աֆրիկա մեկնած բժիշկ Հրանտ Մուրադյանը եւս ունեցել է գումարային խնդիրներ, Աշոտ Սուքիասյանը նրան էլ չի վճարել խոստացած գումարը:

«Ասում էի` 50 դոլար գումար ուղարկի, երեխեքս սոված են, ասում էր, որ` էդ էլ չունեմ: Էն իրավիճակն էր, որ ասում էի` երեխեքիս մանկատուն դասավորի: Ասենք, Եվրոպայով պտտվելու գումար ուներ, էդ չունե՞ր»,- վրդովեց վկան, որը Հայաստան է վերադարձել հարազատների օգնությամբ։

Հիշեցնենք, որ հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված, գործով միակ մեղադրյալ, գործարար Աշոտ Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ տնօրինել են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերը:

Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչեւ 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ, որի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:

Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, եւ գումարը վերցնելով հեռացել էր երկրից, իսկ «Ամերիաբանկն» անարգել շարունակել է գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունների բանկային հաշվեհամարներին:

2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: