Դեռեւս 2010 թվականին «Նաիրիտ» գործարանին առաջարկեցինք տեխնոլոգիա, որը զգալիորեն կնվազեցներ կաուչուկի ինքնարժեքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ara Powers Motors ընկերության ներկայացուցիչ Գարեգին Հակոբյանը:

Հայկական ընկերությունը գործարանին ավստրիական GE Jenbacher սարքավորումներ է առաջարկել՝ ջերմություն եւ էլեկտրականություն արտադրելու համար (երկուսն էլ անհրաժեշտ են մեծ ծավալներով կաուչուկ արտադրելու համար): Ընդ որում, սարքավորումը կարող է աշխատել սինթեզված գազով, որն առաջանում է բարձր ջերմաստիճանով բնական գազից ացետիլեն ստանալիս (կաուչուկի հումք): Այսպիսով, Գարեգին Հակոբյանի խոսքով, արտադրանքը ոչինչ չի արժենում:

Տեխնոլոգիան առաջարկում էր սինթեզված գազն ու ջերմությունն օգտագործել էլեկտրականության եւ գոլորշու համար: Այսպիսով, գործարանը կարող էր զգալիորեն տնտեսել: Ընդ որում, տեխնոլոգիան գործարանին առաջարկելուց առաջ Ara Powers Motors-ն այն 8 ամիս փորձարկել է Ավստրիայում:

Հետաքրքրություն ցուցաբերելով՝ «Նաիրիտ»-ը ծրագրում էր 2011 թվականին 2 փորձնական սարքավորում ձեռք բերել՝ հետագայում դրանք հասցնելով 20-ի: Սակայն հետագայում, առանց բացատրությունների, բանակցություններն ընդհատվել են:

«Մենք հիմա էլ կարող ենք 1 սարքավորում տեղադրել՝ փորձարկելու համար: Խոսքը 3.5 մլն եվրոյի մասին է: Ընդ որում, եթե այն չարդարացնի, մենք պատրաստ ենք մեր հաշվին ապամոնտաժել այն եւ հետ տանել: Այսինքն՝ Կառավարության անհաջողության դեպքում, որը ներկայում կառավարում է գործարանը, ոչինչ չի վտանգում: Հույս ունենք, որ կկարողանան դիտարկել այդ նախագիծը, քանի որ բազմիցս են հայտարարել, որ պատրաստ են լսել եւ մանրամասն քննարկել ցանկացած խելամիտ առաջարկ, որը կօգնի վերականգնել գործարանը: Դե ինչ, ահա ձեզ այսպիսի առաջարկ: Եվ ոչ թե խոսքով, այլ գործով, փորձարկումների արդյունքների մասին փաստաթղթերով»,- ընդգծեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 2006թ. պետությունը «Նաիրիտ»-ի բաժնեմասերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ ԱՊՀ Միջպետական բանկը 2006թ.-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել, որը ընկերությունը չէր փակել։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը 2014թ. հունվարին բավարարել էր Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից պարտքեր դիմաց 90% բաժնեմասերը բռնագրավելու հայցը։ Մնացած 10%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։