ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի եւ Լոռու մարզեր: Կառավարության ղեկավարը մարզային այցն սկսել է Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջին կանգառը քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզն էր: Վարչապետը ծանոթացել է այնտեղ ստեղծված պայմաններին: Երկար տարիներ մանկապարտեզում հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել, եւ այժմ այն գտնվում է անմխիթար վիճակում: Մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունել 110 երեխայի, սակայն ներկայում նախակրթական հաստատություն է հաճախում 60 երեխա: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչություններին առաջիկայում նախապատրաստել մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը: Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել 170 մլն մլն դրամ, որը կհատկացվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներից:
Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է Սեւան-Վարսեր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Մի քանի համայնք միմյանց կապող 3,5 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքները կավարտվեն մինչեւ նոյեմբեր: Ծրագրի համար ներդրվում է 475 միլիոն դրամ:
Հովիկ Աբրահամյանը եղել է նաեւ Սեւանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցում, որի տանիքն ամբողջովին փլուզվել է քամիների հետեւանքով: Վարչապետը ծանոթացել է ստեղծված վիճակին եւ հանձնարարել ՀՀ պետբյուջեից հատկացնել 7 միլիոն դրամ` տանիքի հիմնանորոգման համար: Մարզադպրոցում գործում են տարբեր սպորտաձեւերի 29 խմբեր:
Գեղարքունիք կատարած այցը վարչապետը եզրափակել է Սեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությամբ, որին մասնակցել են նաեւ մարզի համայնքների ղեկավարները: Ամփոփելով այցը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Սեւանի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը պատրաստ կլինի առաջիկա ամիսներին, եւ ամենայն հավանականությամբ, շինաշխատանքները կսկսվեն աշնանը: Խոսելով Սեւանի քաղաքային ճանապարհների վերաբերյալ՝ կառավարության ղեկավարը մտահոգիչ է համարել Սեւան քաղաքի ավտոճանապարհների ներկա վիճակը եւ նշել, որ այդ ուղղությամբ համայնքը մեծ անելիքներ ունի: Վարչապետը ողջունել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությունը, ըստ որի` հրատապ ծրագրերի համար նախատեսված միջոցներից շուրջ 100 միլիոն դրամ է հատկացվելու Սեւանի ճանապարհների հիմնանորոգման նպատակով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը եւ ենթակառուցվածքային այլ ծրագրերին առնչվող հարցեր:
Լոռու մարզ կատարած այցը Հովիկ Աբրահամյանը սկսել է Մարգավահովիտ համայնքից, որտեղ ծանոթացել է գրեթե 2 կմ երկարությամբ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Զեկուցվել է, որ արդեն իսկ կատարվել է շինաշխատանքների 70 տոկոսը: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերի կեսերին: Ճանապարհատվածի հիմնանորոգման համար ներդրվել է 96 մլն դրամ, որից 40 մլն-ը տրամադրել է «Մարգավահովիտ» բարեգործական հիմնադրամը, 10 մլն-ը՝ համայնքը, իսկ 46 մլն դրամը՝ ՀՀ կառավարությունը: Վարչապետը զրուցել է նաեւ մարգահովիտցիների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին եւ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: Համայնքի բնակիչները դիմել են Հովիկ Աբրահամյանին՝ նաեւ տեղի միջնակարգ դպրոցին հարակից 370 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման խնդրանքով: Նշվել է, որ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 25 մլն դրամ: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել ՀՀ պետբյուջեից միջոցներ հատկացնել եւ հանձնարարել աշխատանքները սկսել հնարավորինս արագ:
Այնուհետեւ կառավարության ղեկավարն ուղեւորվել է Վանաձոր, որտեղ ծանոթացել է տեղի թիվ 18 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքներին: Զեկուցվել է, որ վերակառուցումից հետո դպրոցը կունենա 2 մարզադահլիճ, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, լաբորատորիաներ, լոկալ ջեռուցման համակարգ եւ կհամալրվի անհրաժեշտ ժամանակակից գույքով: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա ընթացքում: Դպրոցի վերակառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է մեկ միլիարդ 100 մլն դրամ: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է աշխատանքների ընթացքում խստագույնս պահպանել որակը եւ ծրագիրն ավարտին հասցնել սահմանված ժամանակում:
Հովիկ Աբրահամյանը եղել է նաեւ Ստեփանավանի տարածաշրջանում, ծանոթացել երկու տարբեր հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Դեպի Գարգառ համայնք տանող 3,9 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքներն ավարտական փուլում են, ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 450 մլն դրամ: Միաժամանակ, զեկուցվել է, որ Ագարակից մինչեւ Օձուն ձգվող 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինաշխատանքները ընթանում են մեծ թափով եւ սահմանված ժամկետում ավարտին կհասցվեն: Լայնածավալ այս ծրագրի կյանքի կոչման համար հատկացվել է 3 միլիարդ 450 մլն դրամ: Բարձրակարգ ճանապարհը միմյանց կկապի Ստեփանավանի տարածաշրջանի միանգամից 12 համայնք:
Կառավարության ղեկավարն այցելել է նաեւ Ստեփանավանում տեղակայված ամառային ներառական ճամբար, որտեղ այս տարի 4 հերթափոխով հանգստանում է 200 երեխա՝ հանրապետության բոլոր մարզերից: Հովիկ Աբրահամյանը շրջել է ճամբարում, ծանոթացել հանգստի կազմակերպման եւ սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Ճամբարը մեկնարկել է հուլիսի 24-ից եւ կավարտվի օգոստոսի 20-ին: ճամբարում իրենց հանգիստն անցկացնողների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնց համար ստեղծվել են հանգստանալու անհրաժեշտ բոլոր պայմանները: Հովիկ Աբահամյանը կարեւորել է նման ճամբարների կազմակերպումը եւ փոխանցել կառավարության աջակցությունը երեխաների հանգիստը լավագույնս կազմակերպելու գործում:
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ համայնքներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից կառավարությունն ընտրում է հրատապները եւ փորձում լուծում տալ: «ՀՀ Նախագահի հանձնարարությամբ կառավարության կողմից իրականացվում են մարզերում հրատապ խնդիրների՝ ճանապարհների կառուցման, ջրամատակարարման, դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ: Մենք պետք է փորձենք բնակչության համար հրատապ մյուս խնդիրներին եւս առաջիկա 2-3 տարիների ընթացքում լուծում տալ: Բոլորն էլ հասկանում են, որ դա կապված է ֆինանսական մեծ ռեսուրսների հետ, բայց կառավարությունը կամաց-կամաց այդ խնդիրները լուծելու է»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես ճանապարհաշինության ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում: «Միայն այս տարի կառավարությունը Համաշխարհային բանկի ծրագրերով մոտ 30 միլիոն դոլարի ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացնում: Միմյանց են կապվում համայնքները, զարգանում ենթակառուցվածքները, ինչը նաեւ նպաստում է գործարարարության, գյուղատնտնտեսության զարգացմանը: Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Պետք է համաձակ, ոչ ստանդարտ քայլեր իրականացնենք՝ երկրի տնտեսությունը զարգացնելու համար»,- ասել է գործադիրի ղեկավարը՝ ավելացնելով, որ կառավարության գերակա խնդիրը տնտեսության ակտիվացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու աստիճանաբար առկա խնդիրների կարգավորումն է:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























