ԿԺԴՀ-ում ժամացույցի սլաքը կես ժամով հետ են տվել եւ անցել են իրենց սեփական ժամային գոտուն, փոխանցում է հյուսիսկորեական ԿԿՀ գործակալությունը։
«ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի Նախագահությունը որոշում է ընդունել հանրապետության ստանդարտ ժամը հաստատել արեւելյան երկայնության 127 աստիճան 30 րոպե-ին համապատասխան եւ այն կիրառել օգոստոսի 15-ից», — ասվում է հյուսիսկորեական գործակալության հաղորդագրության մեջ։
Անցումը նոր ժամանակին հաստատություններում նշանավորվել է զանգերի ղողանջով, իսկ ձեռնարկություններում եւ փոխադրամիջոցներում՝ ազդանշաններով եւ սուլոցներով, փոխանցում է Gazeta-ն։
«Կորեայի ժողովրդական բանակի զինվորականները, որոնք պաշտպանում են երկիրը, գիտնականները, որոնք հրթիռներ են կառուցում տիեզերքի նոր ոլորտներ յուրացնելու համար, և մնացած բոլոր քաղաքացիները իրենց ժամացույցները լարում են Փհենյանի ժամանակով՝ այդ համազգային իրադարձության առաջացրած հուզմունքի եւ հիացմունքի մթնոլորտում», — ասվում է ԿԿՀ գործակալության հաղորդագրության մեջ։





























