Գերմանիայի կառավարությունն առաջիկա ամիսներին կավարտի ԳԴՀ-ի զինված ուժերի առաքելությունը Թուրքիայի հարավում եւ այնտեղից կհանի իր զենիթա-հրթիռային Patriot համալիրները, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանին։ Այդ մասին հաղորդել է ԳԴՀ-ի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Գերմանական զինվորականների մասնակցության մանդատի ժամկետը լրանում է հունվարի վերջին։ Spiegel-ի տվյալների համաձայն, ԳԴՀ-ի կառավարությունը որոշել է չերկարացնել այն։
Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ Սիրիայի տարածքից Թուրքիայի վրա հարձակման սպառնալիք չկա, ինչի հետեւանքով առաքելությունը փաստացիորեն կորցնում է իր նշանակությունը։
2012-ի վերջին Անկարան ՆԱՏՕ-ին խնդրել էր հրթիռներ տրամադրել սիրիական կողմից իր տարածքի վրա հարվածներ թույլ չտալու համար։





























