Պարբերականը գրում է. «Թվում է, թե ԱՄՆ-ը տարածաշրջանի ռազմաքաղաքական վերահսկողության հարցում քարտ-բլանշ տալով Ռուսաստանին՝ միաժամանակ քողարկված ձեւով այնտեղ է հրում նաեւ Թուրքիային, որպեսզի վերջինս պաշտպանի Ադրբեջանի ու Վրաստանի վրայով անցնող կոմունիկացիոն համակարգերն ու այդ երկրների՝ Ռուսաստանին դիմադրելու կամքը։ Թուրքմենստանից սկիզբ առած նավթի արտահանումը Ադրբեջան եւ գազի արտահանման ՆԱԲՈՒԿԿՈ ծրագրի վերակենդանացման փորձերը հուշում են դրա մասին։ Իսկապես, եթե խոսքը քողարկված ձեւով Թուրքիային «գործ տալու» քաղաքական նպատակադրման մասին է, ապա գործ ունենք Արեւմուտքի երկակի խաղի հետ։ Իսկ եթե Թուրքիան այս հարցում էլ է ինքնուրույնություն ցուցաբերում, ապա հասկանալի է դառնում հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացումը։ Կարծում ենք, որ իրադարձությունները զարգանում են երկրորդ ուղղությամբ»։
Բանն այն է, -գրում է «Հայոց աշխարհ»-ը,- որ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով Թուրքիան իրավունք չունի կասկածի տակ դնել Ռուսաստանի ռազմաքաղաքական վերահսկողությունը Ախուրյան-Արաքս գետերից հյուսիս-արեւելք ընկած տարածքների հանդեպ՝ բացառությամբ Աջարիայի ինքնավարության հարցի ու Նախիջեւանի կարգավիճակի։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին օրերին Նախիջեւանի կողմից սկսել է գնդակոծել Հայաստանի սահմանները։ Սա նշանակում է, որ Բաքուն ցանկանում է լեգալացնել Թուրքիայի ռազմական ներկայությունը Նախիջեւանում, այսինքն` «միս ու արյուն» հաղորդել օգոստոսի 16-ին ստորագրված թուրք-ադրբեջանական «Ռազմավարական համագործակցության ու փոխադարձ օգնության» պայմանագրին։ Բայց Թուրքիան գոնե առայժմ դա չի անում, որպեսզի չմեղադրվի 1921 թվականի պայմանագիրը խախտելու մեջ։ Հարց է առաջանում. ինչո՞ւ են այդ դեպքում թուրքերը փոխօգնության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ կանխելով Երեւանում սպասվող «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995թ. մարտի 16-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության» ստորագրումը։ Ակնհայտ է, որ նրանք փորձում են հայ-ռուսական ռազմական համագործակցությունը հակակշռել թուրք-ադրբեջանականով եւ դրանով ձեռքերի ազատություն ապահովել Բաքվի համար Ռուսաստանի հետ քաղաքական առեւտրում։



























