Բրազիլիայի նավթային Petrobras պետական ընկերության միջազգային համագործակցության վարչության տնօրեն Հեկտոր Սերվերոն  12 տարվա ազատազրկման է դատապարտվել կաշառք կորզելու եւ փողի լվացման համար: 

Հետաքննությունն ու դատարանը որոշել են, որ 2003-ից մինչեւ 2008 թվականի ընթացքում նա կաշառք է վերցրել այն շինարարական ընկերություններից, որոնք ցանկացել են շահավետ կապալներ ստանալ: Կաշառքի ընդհանուր գումարը հետաքննությունը գնահատել է 14,3 միլիոն դոլար: Այդ միջոցները դատապարտյալը պահել է արտասահմանյան բանկային հաշիվներում: 

Օգոստոսի 6-ին Բրազիլիայի դատարանը  OSX շինարարական ընկերության հինգ գլխավոր մենեջերի դատապարտել է բանտարկության Petrobras-ից կապալներ ստանալու նպատակով կառուցված կոռուպցիոն սխեմայի մասնակցելու համար, հաղորդում է  ТАСС-ը:

Հետաքննությունը դիպել է մոտ 50 քաղաքական գործչի, իսկ օգոստոսի 17-ին  Petrobras-ից կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել  է Խոսե Դիրսեուն, որը  2003-2005 թթ-երին եղել է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը: