Հայոց ցեղասպանության իրագործմամբ Օսմանյան Թուրքիան հենց իրեն վնասեց, իր տնտեսությանն ու պաշտպանությանը: Ֆրանսիական «Slate» ամսագրի փոխանցմամբ՝ այս մասին ֆրանսահայ պատմաբան Միքայել Նշանյանը գրել է իր «Ոչնչացնել հայերին: Մի ցեղասպանության պատմություն» գրքում: Հոդվածում նշվում է.

«Հայոց ցեղասպանության ժխտման ներկա արտահայտման լույսի ներքո գիրքը հիշեցնում է, որ Օսմանյան կայսրությունը միակն էր Առաջին աշխարհամարտում, որն ուղղակի պատասխանատվություն է կրում իր երկրի տարածքում երկու երրորդ քաղաքացիական բնակչության զոհվելու համար:

Ինչո՞ւ ցեղասպանություն գաղափարը ծնվեց Օսմանյան կայսրության իշխող շրջանակների ուղեղում:

Առաջին աշխարհամարտի նախաշեմին Թուրքիան հետաքրքրված էր ազգի հայեցակարգով (այդ թվում՝ Էռնեստ Ռենանի աշխատանքներով), ինչպես եւ Գերմանիայում (ռասայի գերազանցության մասին): Աբդուլ Համիդ 2-րդի կառավարման տարիներին (1878-1908) հայերը, որոնք ամենախոշորն էին ոչ մահմեդական համայնքներից, երկրորդ կարգի քաղաքացիներ էին համարվում: Հենց այդ տարիներին էլ այդ համայնքների նկատմամբ բռնությունը սովորական երեւույթ դարձավ, իսկ հետո ուժգնացավ: 1878 թվականին, երբ Թուրքիան տարածքներ կորցրեց Բալկաններում, վախ ծնվեց, որ եվրոպական հաջորդ ներխուժումների արդյունքում Օսմանյան կայսրությունը կփլուզվի:

Դրանից հետո ցեղասպանությունը մի քանի փուլ ունեցավ. 1880-ականներին այն տեղի ունեցավ սահմանային մի շարք շրջաններում, որտեղ մտավախություն կար, որ բնակչությունը հակառակորդի կողմը կանցնի: Իսկ 1890-ականներին սկսվեցին իսկական էթնիկ զտումները:

Նշանյանը բացահայտում է նաեւ Օսմանյան կայսրության արդարացումները, որոնցում անհավանականը որպես ճշմարտություն էր ներկայացվում: Այսպես. օսմանյան ռեժիմն անդադար հայտարարում էր ռուսական անխուսափելի սպառնալիքի մասին, չնայած իրականում դեռեւս 1880-ականներին Ռուսաստանը հրաժարվեց դեպի Արեւելյան Անատոլիա առաջխաղացումից:

Այնուհետեւ հարկավոր է երկու պարադոքս հիշատակել:

Առաջին. հայերը, անկախ ամեն ինչից, այդ ամբողջ տարիների ընթացքում հավատարիմ էին օսմանյան ռեժիմին: Երկրորդ պարադոսքն արդեն կայսրության կողմից է: Դրա ղեկավարները նորարարությունների էին ձգտում: Բայց դրանք իրականացնում էին հայ մասնագետները (ֆինանսիստներ, վաճառականներ, հրատարակիչներ): Ցեղասպանությունը երկիրը զրկեց այդ մասնագետներից, ինչը նշանակում է, որ նորարարությունները կյանքի կոչելու գործընթացը դժվարացավ:

Հետագա տարիներին թուրքական պետությունն օրինականացրեց բռնությունը՝ որպես պատրվակ նշելով արտաքին ու ներքին սպառնալիքները (վերջիններն ազգային փոքրամասնություններն էին): Կրկնակի սպառնալիքի քարոզչությունը ենթադրում էր, որ ցանկացած բռնություն արդարացված է»: