Կարեւորելով տուրիզմի ոլորտի տնտեսական նշանակությունը, ինչպես նաեւ միջսահմանային համագործակցությունը՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մասնակցել է Հայ եւ թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) հանդիպմանը, որը տեղի ունեցավ օգոստոսի 26-ին, Երեւանում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ տուրօպերատորների ցանցը ձեւավորվել է ԱՄՆ ՄԶԳ «Կամուրջներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է տուրիզմի միջոցով ստեղծել միջսահմանային  տնտեսական ակտիվություն: Ցանցին անդամակցում են տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կազմակերպություններն ու տուրօպերատորները:

«Հայ եւ թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը», - ասել է դեսպան Միլսն ու հավելել. «Համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի  եւ Թուրքիայի համայնքներում բիզնեսը եւ բիզնես շահերն  առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»:

Հայ եւ թուրք  տուրօպերատորներն արդեն իսկ առաջարկում են միջսահմանային շրջագայություններ: Թուրք տուրօպերատորները տուրիզմի կայացած  ոլորտ են ներկայացնում եւ ձգտում են ավելի բազմազան դարձնել դեպի Թուրքիա առաջարկվող ավանդական տուրիստական փաթեթները: Հայ տուրօպերատորները փորձում են ընդլայնել եղած հնարավորությունները՝ առաջարկելով շրջագայություններ մեկից ավելի երկրներ:   Տուրօպերատորների ցանցը հեշտացնում է միջսահմանային ճամփորդությունների շուրջ համագործակցությունը: Չնայած տուրօպերատորների ցանցը գործում է սոցցանցի միջոցով, պարբերական դեմ առ դեմ հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների  տուրօպերատորներին կիսել մտահոգությունները եւ համաձայնեցնել միասնական ճամփորդական առաջարկները:

«Տուրիզմը կարեւոր է տնտեսական զարգացման համար: Համայնքների միջեւ համագործակցությունը տնտեսական ոլորտում ընդլայնում է մտահորիզոնը եւ օգուտներ ապահովում բոլորի համար», - նշել էդեսպան Միլսը՝ շարունակելով. «Միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրություններն, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ»:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տուրիզմի ոլորտի հետ սկսել է աշխատել 2000 թվականից: Սկզբնական շրջանում աշխատանքներ են տարվել ծառայությունների մատուցումը բարելավելու եւ տուրիստական ոլորտում ներուժ ձեւավորելու ուղղությամբ:  Հայաստանում շարունակվող «Կամուրջներ» ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է ԱՄԱՓ Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ,  որն առավել հայտնի Հայաստանի պատմամշակութային վայրերում տեղադրած տեղեկատվական վահանակներով:

Նախքան տուրօպերատորների ցանցի հիմնադրումը «Կամուրջներ» ծրագիրն օգնել է տեղացի գործընկերներին ձեւավորել Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքը Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւՀայաստանի միջեւ: