Մոտ 10 օր առաջ Շվեդիայից Հայաստան արտաքսված 38-ամյա Ստեփան Մելիքովը ծագումով հայ է, սակայն Հայաստանի քաղաքացի չէ եւ այստեղ ոչ մի բարեկամ էլ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց փաստաբան Վահե Սեդրակյանը, որը ճանաչում է արտաքսված քաղաքացին:

«Ստեփան Մելիքովը ծնվել է Բաքվում, բայց ապրում էր Շվեդիայում անօրինական: Այնտեղ երբ լրացել է ժամկետը, նրան բռնել են եւ տարբեր երկրներ հարցում ուղարկել՝ պարզելու համար, թե որ երկրի քաղաքացին է նա: Հայաստանն էլ շփոթել է իր քաղաքացու հետ եւ հայտնել, թե իբր Մելիքովը հայաստանցի է: Դրա համար էլ Հայաստան են ուղարկել, բայց ինքը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, ոչ մեկը չունի այստեղ»,- ասաց փաստաբանը:

Մելիքովը Հայաստանում ճանաչել է միայն փաստաբան Վահե Սեդրակյանին, այն էլ վերջինիս ազգականների միջոցով է լսել փաստաբանի անունը: Հայաստան արտաքսվելուն պես Մելիքովը հենց փաստաբանի անունն է տվել:

«Մելիքովը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային գոտում, Հայաստան չի մտել նա: Հիմա ես դիմել եմ ԱԱԾ, որ թույլ տան տեսակցել Մելիքովի հետ, որից հետո համապատասխան գրություններով կդիմենք՝ նրան հետ վերադարձնելու համար»,- ասաց Վահե Սեդրակյանը:

Այս պահին Ստեփան Մելիքովը որեւէ կարգավիճակ չունի: