Կիլիկիայի Սիս քաղաքում իր կենտրոնակայանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի սահմանադրական դատարան դիմած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հույս ունի, որ մինչեւ նոյեմբեր վճիռ կլինի:

NEWS.am-ի թղթակցի եհտ զրույցում Կաթողիկոսության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ գործի քննությունն ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կսկսվի:

«Հուլիսին Թուրքիայում տոն էր, մեկ շաբաթ ոչ աշխատանքային էր: Օգոստոսի մեկից էլ Թուրքիայի դատարանները մեկ ամսով արձակուրդի գնացին: Այդ պատճառով մեր հայցի քննությունը երկարաձգվեց: Կարծում ենք, որ սեպտեմբերին քննությունը կսկսվի, իսկ հոկտեմբեր-նոյեմբերին արդեն պատասխան կունենանք»,- ասացին մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ըստ Թուրքիայի Սահմանադրության՝ դատարանը 6 ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի:

Նրանց փոխացնմամբ՝ իրենցից հավելյալ փաստաթղթեր են պահանջել, ինչը նշանակում է՝ հայցն արդեն ընդունվել է Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով հետ վերադարձնել Սիսի կաթողիկոսական նստավայրն ու կալվածքը, որը գտնվում է պատմական Կիլիկիայի հայկական թագավորության տարածքում: