А/H1N1 խմբի վիրուսով վարակվածների շարքերում, այսպես կոչված «խոզի գրիպ», օրերս՝ առաջին անգամ, գրանցվել են թռչնազգիները, հաղորդում է Reuters գործակալությունը։

Ինչպես հայտնել են Չիլիի առողջապահության նախարարությունում, այդ վիրուսը գտնվել է հնդկահավերի մոտ, որոնց աճեցնում եւ վաճառում էին երկրի երկու ֆերմաներում։ Միաժամանակ, երկրի առողջապահության նախարարության հաղորդմամբ, տարածված հիվանդությունը վերահսկողության տակ է, իսկ հնդկահավի միսը եւ նրանից պատրաստվող արտադրանքը ամբողջապես անվտանգ են օգտագործման համար։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունիսի 11-ին պաշտոնապես հայտարարել էր 6-րդ, առավելագույն աստիճանի մասին՝ A/H1N1 խմբի վարակի աշխարհով տարածվելու վտանգի վերաբերյալ։ Ըստ վերջին տվյալների, աշխարհում ավելի քան 2,1 հազար մարդ դարձել են A/H1N1 վիրուսի զոհ, իսկ հիվանդացողների քանակը կազմել է 230 հազար մարդ։