Սոչիի Լազարեւյան շրջանի ԳոսՍորտ Ուչաստոկ ավանի՝ ազգությամբ ռուս բնակիչը, որը ծեծի է ենթարկվել Արքայական Սրբոց Նահատակաց եկեղեցու վանական Լազարի կողմից, հայ ընկերոջ՝ Սարգսի հետ ներկայում ոստիկանությունում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոչիի «Ժողովրդական հիշողություն» քաղաքային կազմակերպության ղեկավար Արթուր Գեւորգյանը:

«Նրանք պետք է դուրս գան, զանգահարեն եւ պատմեն, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Վաղ առավոտից ոստիկանությունում են, անհասկանալի է, թե ինչու նրանց բաց չեն թողնում»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

Նրա խոսքով, ավանի մի շարք բնակիչներ նույնպես դժգոհ են հոգեւորականից: «Բայց խնդիրն այլ է. հոգեւոր առաջնորդը, որի ձեռքերը ծխականները համբուրում են, նույն ձեռքերով մարդ է ծեծում: Մի՞թե դա նորմալ է: Չէ՞ որ նա, ասենք, ավտոբուսի վարորդ չէ: Նա հոգեւոր աստիճան ունի, պետք է կարողանա իրեն վերահսկել ցանկացած իրավիճակում: Ինչպե՞ս կարելի է երեք հոգով մոտենալ 20-ամյա երիտասարդի եւ ծեծել նրան»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

Նա նաեւ պատմեց, որ Սարգիսն օգնության է հասել ընկերոջը, իսկ հոգեւորականը սկսել է վատ բառեր նետել հայերի հասցեին: «Տեսնենք, արդարություն ընդհանրապես գոյություն ունի՞, կլուծվի՞ խնդիրը, թե՞ լռության կմատնվիт»,- ամփոփեց Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին վանական Լազարը հարբած վիճակում իր սեղանակիցների հետ միասին ծեծել է ազգությամբ ռուս մի տեղաբնակի, իսկ երբ վերջինի հայ ընկերը փորձել է պաշտպանել նրան, Լազարը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հայ ժողովրդի հասցեին՝ վիրավորելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջադեպը տեղի է ունեցել բազմաթիվ վկաների ներկայությամբ եւ տեսագրվել է հեռախոսով: