Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում առերեսվել է 5-ից ավելի քաղաքացիների հետ, որոնց մեջ չի եղել իր մատնանշած՝ ՀՖՖ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում աշխատող Տիգրանը: Լրագրողների հետ զրույցում Սմբատ Հակոբյանը ասաց, որ առերեսումից հետո պարզ կլինի, թե այդ քաղաքացիները գործում որպես վկա, թե կասկածյալ կներգրավվեն: Նա նշեց, որ ճանաչել է մի երիտասարդի, որը, ըստ իրեն, եղել է իրեն ծեծողների մեջ:
«Նրանց մեջ կար թիկնեղ Տիգրան անունով երիտասարդ, բայց դա իմ ասած Տիգրանը չէր»,-ասաց ազատամարտիկը:
Նշենք, որ առերեսման ժամանակ ազատամարտիկի ինքնազգացողությունը վատացել է, մի պահ դադարեցվել է առերեսումը, բայց նորից շարունակվում է:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են Քննչական կոմիտեի քննիչներն ու մեծ թվով ոստիկաններ:
Նշենք, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն նույնպես հիվանդանոցում հարցաքննվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով արդեն կան բերման ենթարկվածներ:
Բերման են ենթարկվել 28-ամյա Ա. Գրիգորյանը եւ 28-ամյա Հ. Պետրոսյանը, եւ 36-ամյա Ա. Սարգսյանը:
Նշենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող:




























