Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում ծեծի ենթարկված ազատամարտիկը հայտարարում է, որ իրեն ծեծի են ենթարկել իր քաղաքական գործունեության պատճառով: Լրագրողների հետ զրույցում Սմբատ Հակոբյանը նշեց, որ իր հանդեպ սպանության փորձ է կատարվել:
«Այդ միջադեպը հասարակական-քաղաքական գործունեության հետ է կապված, ասում են, որ կենցաղային հարցերի համար եմ ծեծ կերել, որը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց ազատամարտիկը:
Սմբատ Հակոբյանը այսօր «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած առերեսումից մանրամասներ չցանկացավ հայտնել, միայն նշեց, որ գործով կա 3 ձերբակալված՝ հիմնավոր փաստերով:
«Քննչական մարմնից և ոստիկանությունից կարող եք ճշտել այլ մանրամասներ: Իմ կողմից մատնանշած Տիգրանի մասին վաղը հայտարարություն կարվի, այժմ այլ բան չեմ կարող ասել»,-ասաց ազատամարտիկը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով արդեն կան բերման ենթարկվածներ: Բերման են ենթարկվել 28-ամյա Ա. Գրիգորյանը եւ 28-ամյա Հ. Պետրոսյանը, եւ 36-ամյա Ա. Սարգսյանը:
Նշենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող:




























