Հնէաբանները ուսումնասիրել են դինոզավրերի ձվերի կճեպները եւ պարզել են այդ կենդանիների մարմնի ջերմաստիճանը։ Պարզվում է, որ դինոզավրերի տարբեր տեսակների մոտ մարմնի ջերմաստիճանը տարբեր է եղել։ Ավելին՝ այդ կենդանիներին չի կարելի դասել ո՛չ տաքարյունների, ո՛չ սառնարյունների շարքին։ Ավելի մանրամասն հետազոտության մասին գրում է Nature Communications ամսաագիրը։

Գիտնականները մահացած կենդանիների մարմնի ջերմաստիճանը չափելու միջոց են գտել։ Քանի որ դինոզավրերը լույս աշխարհ են գալիս ձվից, որը ձեւավորվում է էգի մարմնի մեջ, հետեւաբար ձվի կճեպը էգ կենդանու մարմնի ջերմաստիճանի մասին տեղեկություն է պահում։ Գիտնականները սկզբում պարզել են, թե ինչպես կարելի է այդ տեղեկությունը «կարդալ» ժամանակակից թռչունների ձվերի կճեպների վրա, իսկ հետո նույն մեթոդով  ուսումնասիրել են 70-80 մլն տարի առաջ Երկիր մոլորակի վրա ապրած դինոզավրերի ձվերը, փոխանցում է  Gazeta-ն։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ զաուրոպոդները (խոշոր խոտակեր դինոզավրեր) բավականին տաք արյուն են ունեցել, իսկ նրանց ավելի փոքր ազգակիցները՝ օվիրապտորները՝ ավելի սառը։ Սակայն գիտնականները նշում են, որ ո՛չ մեկին, ո՛չ մյուսին չի կարելի դասել տաքարյունների կամ սառնարյունների շարքին։ Նրանց մարմնի ջերմաստիճանն ամենայն հավանականությամբ տատանվել է՝ նրանց չափերից կախված։